Այո՛, գիտեք։ Գիտեք նույնպես, որ հազվագյուտ բացառություններ են նրանք, որոնք այդ գաղափարով ոգևորված, մտել են հոգևոր զինվորության մեջ, հուսալով կարենալ օգտակար լինել Ժողովրդին, բայց որոնք իրենց սակավաթիվ լինելու պատճաով` խեղդվում, ոչնչանում են հոգևորականության ամբոխը կազմող մեծամասնության մեջ... Այս այսպես լինելուց հետո, էլ ո՛րտեղ է մնում ձեր իրվունքը` պահանջներ անելու հոգևորականությունից։ Պահանջներ անելու իրավունք գիտեք ովքեր ունին.— այն հոգևորականները, որոնց ես բացառություն անվանեցի և որոնք հաճախ կսկիծը սրտում և արտասուքն աչքերին զենքը դնում են վար, որովհետև «Մեծավորը» հրամայում է «Սո՛ւս կաց, դու գիտում չես, առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում»։ Այո՛, այդ ճնշվածները, գործելու տենչով վառված, բայց միշտ իրավազուրկ զինվորագրյալներն են, որ իրավունք ունին պահանջներ անելու... այն էլ գիտե՛ք ումնից — ձեզնից, մտավոր ու նյութական հարստությամբ օժտված երիտասարդներից, նրանք են, որ պիտի ձեզ ասեն.— պարոններ, դուք ամեն տարի տասնյակներով ավարտում և վերադառնում եք հայրենիք, ձեր մտավոր պատրաստության շնորհիվ դուք լավ ըմբռնում եք ժամանակի պահանջը և ճանաչում ժողովրդի ցավերն ու կարիքը, միևնույն ժամանակ, ձեր բազմաթիվ լինելու շնորհիվ, դուք պատկառելի ուժ եք կազմում և այդ ուժով կարող եք մեծ անիվներ դարձնել։ Ինչո՞ւ, ուրեմն, չեք գործում, կամ ինչո՞ւ չեք մոտենում մեզ, սակավաթիվ զինվորներիս և մեզ հետ միասին դիմում դեպի այն ցանկալի բարձրությունը, ուր պետք է վառել ժողովրդի խավարը փարատող արևը... Հայ արժանավոր հոգևորականը երբեք չի ունեցել և այժմ էլ չունի ոչ առանձին շահ, ո՛չ ջոկ միտումներ։ Նա հնումն ապրել ու մեռել է ազգի համար, այսօր էլ նույնը կանե, ուրեմն, մի՛ բաժանե՛ք նրան ձեզանից, արհեստական անջրպետ մի՛ ստեղծեք և «կղերական» անունով մկրտելով` զատ շահերի, զատ ձգտումների տեր մի՛ հռչակիք նրան։ Այդպես է եղել և է, արդարև, կաթոլիկ հոգևորականությունը, որի պատմությունը ստանում եք դուք հոժարությամբ, բայց այդպես չէ եղել երբեք հայ հոգևորականությունը, որի պատմության, ավա՜ղ, մնացել եք միշտ անծանոթ։
Էջ:Muratsan, vol. 6.djvu/270
Արտաքին տեսք