ՌՈՒԶԱՆ.— (հորն ընդհատելով) ինչպես, հայր իմ, դու հոգսեր ու վշտեր ես ունեցել և ոչինչ չես հայտնել ինձ։
ՋԱԼԱԼ.— Այո՛, սիրելիս, որովհետև ճանաչում էի քո զգայուն սիրտը և չէի կամենում վշտացնել նրան։
ՌՈՒԶԱՆ.— Ա'խ, հայր իմ միթե կարելի է։
ՋԱԼԱԼ.— Այդպես էլ պետք էր, սիրելի զավակս։ Քո մասնակցությունը չէր կարող իմ վշտերը բառնալ, ուրեմն և հարկ չկար տխրեցնել քեզ իզուր։ Բայց այժմ որովհետև կամենում ես Ներսեհի բացակայության պատճառն իմանալ, ուստի ստիպված եմ ծանոթացնել քեզ այն հանգամանքներին, որոնց հետ կապ ունի Ներսեհի բացակայությունը։
ՌՈՒԶԱՆ.— Լսում եմ քեզ, սիրեցյալ հայր։
ՋԱԼԱԼ.— Այս դարը, որի մեջ ապրում ենք, սիրելի Ռուզանա, արտասուքի, արյան ու թշվառության դար է։ Ինչպես Հայաստանի բոլոր մանր իշխանաթյունները, նույնպես և իմ երկիրը շրջապատված է թշնամիներով, դրանցից մինն ու վտանգավորը որ թաթարաց վայրենիների գունդն է, բռնած ուներ մինչև այժմ Խաչենի սահմանը և հարմար առիթի էր սպասում իմ երկիրը մտնելու և այն հիմնահատակ անելու։ Իմ հպատակներն ամեն օր երկյուղի ու սարսափի մեջ էին, և նրանց իշխանը, որ քո դժբախտ հայրն է, չէր կարողանում զենքի զորությամբ ապահովություն բերել յուր հպատակներին։ Նրանց գլխին կախված էր փորձության սուրը։
ՌՈՒԶԱՆ.— Աստվա՛ծ իմ... Եվ այդ ամենի մասին ոչինչ չե՜ք հայտնել ինձ։