Էջ:Muratsan, vol. 6.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք ձեռքերնին մի-մի գիրք առած կարդում էին, երբեմն կամացուկ, երբեմն մռմռալով, իսկ հաճախ բարձրաձայն, առանց մեկը մյուսին նայելու, որից և բակի ու սրահի մեջ բարձրացել էր աղմուկ ու ժխոր։

Տիրացուն, որ Կամսարյանին հանդիպած ժամանակ երևում էր կորաքամակ, այստեղ, աշակերտների առաջ ճեմում էր ձգված ու բարձրագլուխ։ Մինչև անգամ մորթե գդակը, որ նա ճանապարհին քաշել էր գլխին մինչև ականջները, այժմ ոչ միայն բարձր էր՝ ճակատը երևալու չափ, այլ և քեշ (ծուռ) դրված, որով նրա դեմքը ստանում էր համարձակ ու ինքնավստահ արտահայտություն։ Նա ձեռքին ուներ հասարակ փայտից շինած մի երկար քանոն, որ նմանում էր որմնադրի գազի և որը շարունակ աջ ու ձախ ճոճելով, մոտենում էր մերթ այս, մերթ այն աշակերտին և փոխանակ խոսքով դիտողություն անելու, նրա ծայրով բոթում էր կամ մեկի կրծքին՝ կամենալով ուղիղ նստեցնել նրան, կամ մյուսի գլխին՝ որպեսզի սա շատ չկորացնե այն, իսկ հաճախ զարկում սրա ու նրա գրքին, որպեսզի ծնկների վրա դնելու փոխարեն ձեռքերնին առնեն նրանց։

Հեռվում՝ ձայնը մի աշակերտի, որ կարդում էր կանգնած, հաղթում էր ընդհանուր ժխորին։ Այդ նշանակում էր թե նա դաս է ասում։

— Ի՞նչ է պաճարը, որ դու...— կարդում էր աշակերտը մայրենի լեզվից։

— Պաճարը չի, ա լակոտ. պատճառն ասա,— ուղղում էր տիրացուն։

— Պատճառը, որ դու ադպես.․․ ։

— Ա հայվան, ադպեսը ո՞րն ա. մի շանց տու տենեմ,— ասում էր տիրացուն և քանոնը ճոճելով խոյանում դեպի աշակերտը։

Վերջինս, մեկ ճոճվող քանոնին, մեկ գրքին նայելով, շփոթված պտրտում էր ադպեսը: