Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրելու մեջ, մանավանդ, ետ էին մնացած բոլորը։ Մի երեխայի տետրակի վրա նա տեսավ վարժապետի գրած մի քանի տող օրինակը, որ անկանոն ձևով գրված լինելուց զատ, լի էր նաև տառասխալներով։

«Եթե սա է վարժապետը, ի՜նչ կլինի աշակերտը», մտածեց Կամսարյանը և գլուխը շարժեց։

Տենում եմ, որ հավանում չես իմ հուսումարանին,— ժպտալով և միևնույն ժամանակ, քաշվելով նկատեց տիրացուն, երբ Կամսարյանը յուր հարցուփորձը ավարտելով, կամենում էր հեռանալ։

— Ինչ ասեմ, Մոսի, լավ կլիներ, որ դու այս ուսումնարանը փակեիր,— ասաց երիտասարդը։

— Ընչի՜ հմար,— զարմացավ տիրացուն;

— Նրա համար, որ դու ոչինչ չես սովորեցնում այդ երեխաներին։

— Յանի ոնց չեմ սովորեցնում։ Բա դու քու աչքով տեհար ոչ ո՜նց են կարդում, յա անգիր ասում։

Տեսա, բայց թե` կարդացածները և թե անգիր ասածները, բոլորն էլ սխալ էին ու անկանոն։

— Դե որ դրանից լավ կարում չենք սովորեցնե՜նք...

— Այն ժամանակ ավելի լավ է, որ իսկի չսովորեցնես։

Այս դիտողոլթյունր տիրացուի ինքնասիրությանը դիպավ, ուստի նա համարձակություն առավ խոսելու.

— Գիտե՜ս ի՛նչ կա, աղա, օրինակի հմար ասենք, մի մարդ կա, որ քաղցած ա, ընենց քաղցած, որ ուզում ա թիլանա, ի՜նչ արած, ցորեն հաց չկա, որ տանք իրան ուտի։ Ես ասըմ եմ ըստ ի մի կտոր ճաթ (կորեկահաց) կա, բերե՛ք տանք իրան, դու ասըմ ես չէ, ճաթը դժար կմարսի: Հեր օրհնած, մարդը սոված թիլանում ա, ցորեն հացը որ չկա, ճաթն էլ ա տանք, որ ուտի, չմեռնի, է՜... Հմի մեր էս րեխեքն են։ Լավ, օսալ, մի բան սովորցնում ենք։ Ասում չեմ' քերականութին յա ճարտասանпւթին եմ սովորցնում, ըդոնք ես էլ չեմ կարդացել։ Ամա դե մի քիչ գրաճանաչ ենք անում, որ թղթի սև ու սպիտակը ջոկեն, այ հարկավոր վախտը՛ մի բարովագիր, յա սանագ (մուրհակ} գրեն, յա չէ, սուդը (դատարան) կանչած վախտը' իրանը անումն ու փամիլան կարան ձեռք քաշիլ։