Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՜նչ մարդ, չեմ հասկանում,— հարցրեց Կաամսարյանը, սկզբում չիմանալով թե ո՞րի մասին է խոսքը։

— Մեր էն խեղճ Սային... բա էրեկ չասի՞ թե' Խոջան հրաման ա բիրել, որ նրա էլած չէլածը ծախի*։ Այ, հմի պրիստավը վե կալած էկել ա, խեղճի դուռը կտրել։ Քանի մարդիկ մեջ ընկան, խնդրեցին, աղաչեցին թե մի քիչ էլ ա մոհլաթ տա, ասավ' տալ չեմ. փողս բիրեք տվեք, պրիստավին վեր ունեմ գնամ. թե չէ ինչ ունի չունի, պտի վեր գրեմ, ինչ կըլի կնկանը շորերն էլ... Դե, մենք փող ո՜րդիան գտնենք էս սհաթին, գեղականի ջանումը հա՜լ ա մնացել որ հվաքի տա՜։

— Գնանք, գնանք, ուրախությամբ կօգնեմ, եթե հնար լինի,— ասաց Կամսարյանը, գոհ լինելով, որ քիչ առաջ հուզված յուր խիղճը պիտի հանգստացնե մի բարի գործով։

— Հնար կըլի, խի՞ չի ըլիլ։ Հենց որ դու ռուսևար պրիստավին հասկացնես, թե ախար էս մարդը Խոջին պարտ ա լել քսան մանեթ, էդ խի քսանը հարիր էրսուն ա դառել, էն ա նա էլ Սայուն զոռիլ չի։

— Ուրեմն Սայու պարտքը 20 մանեթ է եղել և հիմա նա 130 է ուզո՜ւմ,— հարցրեց երիտասարդը։

— Բա՛։

— Քանի՜ տարի է։

— Չորս։

— Ճշմարի՜ տ։

— Սաղ գեղին ա հայտնի։

— Գնանք, գնանք, դա հետաքրքրական է,— ասաց երիտասարդը և շտապեց։

Գյուղերում արտաքո կարգի մի դեպք պատահած ժամանակ, ուրախության առիթով լինի այդ, թե տխրության, գյուղացիք սովոր են խռնվիլ այն տան բակը, ուր դեպքն է պատահել և հետաքրքրվիլ նրանով իբրև սեփական գործով։ Սայու բակն էլ այդ վայրկենին լիքն էր ժողովրդով։

Պրիստավը, որ մոտ քառասնամյա, բարձրահասակ, շիկահեր և բարեդեմ մարդ էր, կանգնած խոսում էր մի քանիսի հետ, իսկ Խոջա Միրզան, որ պարտատեր լինելուց զատ թարգմանչի դեր էլ էր կատարում, ձեռքերին ու nտքերին անելով բացատրում էր պրիստավի խոսքերը։