Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հմի դու ես իմ աղեն, մանեթը, որ մի տարումը 60 կոպեկ բերի, 10 մանեթը կբերի 6 մանեթ. 20 մանեթն էլ կբերի 12 մանեթ։ Է, հմի իմ 20 մանեթը, մի տարուց եդը դառավ 32 մանեթ...

— Սպասիր, սպասիր, ուրեմն դու ռուբլուն 5 կոպեկ հաշվում ես միայն մի՞ ամսումը,— հարցրեց Կամսարյանը զարմանալով։

— Բա մի՞ տարումը։ Խի՞, փող եմ գտել, թե՞ գլխիս ձի ա քացի տվել... Հրեն ուրիշները մի ամսումը մանեթին 10, յա 12 կոպեկ են առնում, ես 5 եմ հաշվել, սրանե էվել խղճմտանքով բան կըլե՞։

Կամսարյանն ապշած նայում էր Խոջայի կարմիր կապիճներում պլպլացող աչքերին և մի քանի վայրկյան ոչինչ չէր խոսում։ Ապա դառնալով պրիստավին, ժպտալով ասաց.

— Վասիլ Իվանիչ, գիտե՞ք այս մարդը քանիսով է հաշվել տոկոսը։

— Քանիսո՞վ,— հետաքրքրվեց պաշտոնյան։

— Հապա գուշակեցեք։

— Քսանո՞վ, քսանհինգո՞վ...

— Ի՞նչ քսան, ի՞նչ երեսուն, ոչ ավելի և ոչ պակաս՝ հարյուրին վաթսուն։

— Անկարելի է։

— Հավատացեք։

— Օ՜, o՜... բացականչեց պրիստավը։

— Ըշտո, պետ կապեկ մնոգո՞ (ի՞նչ, հինգ կոպեկ շա՞տ է)— շփոթված հարցրեց Խոջան։

— Պյոտր Կիրիլիչ, սա հինգ կոպեկ է ասում, —դարձավ պրիստավը երիտասարդին։

— Այո, 5 կոպեկ. բայց ռուբլուն 5 կոպեկ մի ամսումը։ Ուրեմն մի տարում 12 անգամ 5 կոպեկ, որ կանի 60:

— Այդպե՞ս է,— հարցրեց պաշտոնյան Խոջային։

— Դա, դա, վեռնը (այո, այո՛, ճիշտ է),— հաստատեց Խոջան։

— Օ, это уж черезчур! — բացականչեց Վասիլի Իվանիչը: