Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա դեռ երեկ այն կարծիքին էր, թե ոչինչ չէ կարելի անել գյուղում, թե ամեն բան այնպես սառած ու քարացած է այստեղ, ուր յուր նման մարդկանց ձեռքերը, որքան էլ նրանք զինված լինեին զորեղ գործիքներով, չեն կարող ոչ հին սառույցը հալել, ոչ էլ քարացած կոշտերը մաղել: Բայց այսօր, ահա, նա կատարեց մի գործ, որն յուրմով լուծեց մահու և կյանքի խնդիր։ Նա վերահաս կործանումից ազատեց մի տուն, վերջնական անկումից փրկեց մի ընտանք և դրա համար շատ քիչ, կամ գրեթե ոշինչ աշխատություն գործ դրավ...

Եվ սակայն որքա՜ն շատ կային այդպիսի թողված ու լքված տներ և ընտանիքներ, որքա՜ն շատ բան կարելի էր անել դրանց համար։ Եվ նա երևակայեց, թե ի՛նչ կլիներ այսօր խեղճ Սայու դրությունը, եթե ինքը, բախտի բերմամբ, չհանդիպեր այստեղ, չզսպեր Խոջայի ավարառության տենչը, չպաշտպաներ անզոր, անօգնական գյուղացուն... Ապա նա հիշեց տիրացուի դպրոցը, երեխաներ կրթելու և ուսուցանելու վայրենի եղանակը և միևնույն ժամանակ, Մոսու իրավացի դիտողությունը թե` «երբ ցորեն հաց չկա, պետք էր քաղցածին տալ գոնե ճաթ, որպեսզի նա, սովից չմեռնի»։ Վերջը նա մտքով փոխադրվեց Սևան, հիշեց նրա անշարժ ու քարացած դրությունը, աբեղայի բողոքը, նրա երկար զրույցները, հայտնած ցանկությունները և անապատը վերակազմելու ու պայծառացնելու նկատմամբ նրա աոաջարկած միջոցները։

Այս ամենը հիշելուց և դրանց վերաբերմամբ երկար մտածելուց հետո, երիտասարդը եկավ այն եզրակացության, թե անհրաժեշտ է աշխատել հնարավոր դարձնել գյուղում ապրելն ու գործելը...

Այդ վայրկենին նորեն լուսինը բացվեցավ և պայծառ լուսով երկիրը ողողելով, երևան հանեց գեղեցիկ ծովակն ու շրջակա լեռները և դրանց հետ միասին... Չիբուխլուի չոր, գծուծ պատկերը, յուր գետնին կպած տներով, յուր աթարի դեզերով...