Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1

Հուլիս ամիսն էր. ճանապարհորդում էի արևմտյան Ռուսաստանում, որտեղից ապա մտադիր էի անցնել Գերմանիա և հանդիպել միջին ու հարավային Եվրոպայի մի քանի քաղաքները։

Կիևից դեպի Վարշավ տանող ճանապարհի վրա, կայարաններից մեկում, իմ նստած կուպեն մտան երկու երիտասարդներ, որոնք իսկույն էլ ծանոթացան հետս` շնորհիվ այն փոքրիկ ծառայության, որ ես արի նրանց` զետեղելով իրենց կապոցները իմ իրեղենների կողքին։

Երիտասարդներից մեկը, ինչպես հետո իմացա, ռուս էր, մյուսը լեհացի. երկուսն էլ շիկահեր, գրավչադեմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ։ Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից։ Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով։

Երբ սովորական հարց ու պատասխանից պարզվեցավ, որ երեքս էլ գնում ենք Վարշավ, ուրեմն և երկար պիտի ուղեկցենք իրար, լեհացին դառնալով ընկերին՝ ասաց.

— Այժմ կարող ես պատմությունդ շարունակել, մեզ ոչինչ այլևս չէ խանգարելու։