Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա այդ չի անիլ:

— Կանե. նա կամքի տեր աղջիկ է,— պնդեց երիտասարդը ջերմությամբ։

— Հավատացեք, աշխարհում չկա կամքի տեր աղջիկ և չի կարող լինել, որովհետև աղջկա կամքը գտնվում է միշտ այն տղամարդի ձեռքին, որին նա սիրում է։ Իսկ եթե բարեբախտաբար, կամ դժբախտաբար, չէ սիրում ոչ ոքի, ապա սա նմանում է անղեկավար մի նավի, որին քամին տանում է, ուր որ կամենում է։ Այդ դեպքում, առաջին պատահած ձեռքը, եթե միայն ուժ ունի, կքաշե նրան յուր ետևից և սա երբեք չի մտածիլ դեպի խորն է գնում, թե դեպի ժայռերը։

— Այդպիսի կարծիքները, որքան կամենաք, կարող եք այժմ կարդալ կանանց ազատագրության դեմ խոսող գրքերում։ Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ դրանց հեղինակները չեն ճանաչել կանանց այնպես, ինչպես որ պետք է և շատ բան դրել են ավելի կրքից դրդված, քան թե ճշմարտություն ասելու մտքով։

— Իզուր ես կարծում թե քեզ հետ խոսողը մի հնավաճառ է,— նկատեց լեհացին,— այս անգամ արդեն յուր ձայնին տալով մի զորավոր շեշտ.— իմ կարծիքները ես քաղում եմ ոչ թե գրքերից այլ իմ փորձերից։

— Զարմանում եմ, Յա՛ն, որ դու քեզ ավելի փորձառու ես համարում,— դարձավ Սաբորինն ընկերոջը,— ինստիտուտից արդեն հիշում եմ, որ դու այն ժամանակ փոքր էիր ինձանից երկու տարով։

Իմ ուղեկիցներն, ուրեմն, ուսանողական ընկերներ էին և այդ էր, անշուշտ, պատճառը որ մի ռուս ու լեհացի բարեկամաբար էին վերաբերվում իրար, որ հազվադեպ երևույթ էր:

— Եթե այն ժամանակ փոքր էի երկու տարով, հավանական է որ այժմ էլ փոքր լինեմ նույնչափ,— կատակեց լեհացին,— բայց խնդիրն այդ չէ. ինստիտուտից ելնելուց հետո անցել են վեց երկար տարիներ, որից հետո մենք այլևս չենք տեսել իրար։