Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հա՞, հետո՞... — ընդհատեք ինձ բժիշկը ժպտալով ու հոնքերը վեր բարձրացնելով։

— Ես նրա դեմքի վրա նշմարում էի կարեկից զգացմունք դեպի իմ տանջանքը, ուստի ես էլ իմ կողմից աշխատում էի զսպել ինձ...

— Որպեսզի նա չվշտանա՞:

— Այո՛:

— Հա, հասկանում եմ... — բացականչեց բժիշկը ուրախ ծիծաղելով. — ուրեմն սիրուն կնոջ երկու աչերն էլ նույնպիսի դեր են խաղում ցավեր թմրացնելու նկատմամբ, ինչպես որ կոկայիտն ու քլորուկը... նշանակի այս բանը քո հուշատետրում, collega, — դարձավ նա ընկեր բժշկին, — այս առթիվ անպատճառ հարց պիտի զարթեցնեմ բժշկական ժողովում:

Մենք ծիծաղեցինք։ Իսկ այդ վայրկյանին ներս մտավ գթության քույրը։

— Սոֆիա Իվանովնա, հատկապես խնդրում եմ, որ ամեն օր ներկա լինիք մեր այս հիվանդի դարմանադրությանը, — դարձավ բժիշկը երիտասարդուհուն այնպիսի մի լրջությամբ, որ անկարելի էր նրա խոսքի հետևում թաքնված ծիծաղը նշմարել։

— Ամենայն սիրով․ բայց ես զբաղված էի. բժիշկ Գրոտն այսօր չորրորդ պալատում...։

— Ախ, դուք կամենում եք արդարանա՞լ․ — ընդհատեց բժիշկը, տեսնելով որ աղջիկը սխալ է հասկացել իրեն — չէ․ մենք չենք մեղադրում ձեզ, որ այսօր չեք եկել, այլ խնդրում, ենք, որ այսուհետև ներկա լինիք... ինչպես երևում է, մեր այս հիվանդը արիանում է ցավերի դեմ՝ երբ տեսնում է յուր առաջ մի քնքուշ էակ, որ կարեկցում է իրեն... անշուշտ ռոմանտիկ է և ընտիր ասպետ... — այս ասելով բժիշկը նորեն ծիծաղեց, իսկ գթության քրոջ այտերը թեթևակի շիկնեցին։

Երբ բժիշկները հեռացան, Սոֆիա Իվանսվնան զբաղվեց դեղերի ու վիրակապի մնացորդը հավաքելով և ընդնմին հարցրեց ինձ ժպտալով.

— Այդ դո՞ւք ցանկացաք, որ ես ներկա լինիմ ձեր դարմանադրության։