Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ է, միթե ես դրանով փոքր ծառայություն եմ անում մարդկանց, — նկատեց նա ժպտալով:

— Ոչ թե փոքր, այլ ընդհակառակը, մեծ ծառայություն եք անում, բայց բանն այն է, որ դուք այդ ծառայությունն ուրիշներին անելով, ինքներդ զրկվում եք շատ բարիքներից։ Դա մի առաքինություն է, որ շատ քչերին կարող է սիրելի լինել։ Հենց այդ պատճառով էլ ես հետաքրքրվում եմ իմանալ թե՝ ի՞նչ շարժառիթներ են սիրելի դարձրել ձեզ այդ առաքինությունը։

Գթության քույրը, որ գեղեցիկ լինելու չափ, նաև, պարզասիրտ էր, ուղղակի պատասխանեց.

— Չեմ հիշում թե առաջ մտածիմ մարդկանց որևէ բարիք անելու, թեպետ չարության ի՞նչ լինելն էլ չես իմացել։ Դեռ տղա հասակից՝ ես ավելի եսասեր՝ քան ընկերասեր էի։ Այդ առթիվ հաճախ դիտողություն էին անում ինձ շրջապատողներս, բայց իմ հոգ չէր, ես սիրում էի միայն նրանց, որոնք գգվում էին ինձ, առանց իմ թերության ուշադիր լինելու։ Բայց ահա՛ պատահեց մեկը (այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի), որ ծանոթացավ ինձ՝ հենց իմ եսասիրությունը ծաղրելու շնորհիվ և, սակայն, ես սիրեցի նրան։ Դա գեղակազմ մի կագետ է, սիրուն դեմքով, հրապուրիչ աչքերով և վայելուչ շարժվածքով։ Հաճախակի տեսակցությունները օգնեցին մեզ ավելի մոտից իրար ճանաչելու։ Այդ ծանոթությունը ծնեցրեց մեր մեջ մի քնքուշ մտերմություն, որն ապա շուտով փոխվեցավ բուռն սիրո։ Դժբախտաբար կադետը, որ ավարտել էր կորպուսը, պիտի գնար Պետերբուրգ, զինվորական բարձրագույն դպրոց մտնելու։ Մենք ստիպված էինք բաժանվել։ Այդ անջատումը թեպետ ծանր էր, բայց նա մեր սերը չսառեցրեց, ընդհակառակը, ավելի ևս բորբոքեց։ Հինգ երկար տարիների ընթացքում մենք տեսնվում էինք իրար հետ միայն արձակուրդի ամիսներում, երբ երիտասարդը վերադառնում էր հայրենիք: Այդ ամիսները մենք անցնում էինք ամառանոցում՝ մեր ծնողների հետ, որոնք մեր սիրո վրա նայում էին իբրև մեր ապագա միության գրավականի վրա։ Հարկ չկա ասել, որ այդ ամիսները բերում էին մեզ անհուն երջանկություն: