Էջ:Muratsan, vol. 6.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԱՄՔԱՆ.— Ապրեցեք միմյանց համար և երջանիկ եղեք։ (Գրկելով և համբուրելով երկուսին)։ Այսօր մենք մեր հարգելի իշխանների հետ միասին կկատարենք ձեր նշանադրության հանդեսը և (դառնալով Ներսեհին) կտոնենք քո փառավոր հաղթությունը։ Իսկ գարնան, երբ մեր լեռները կգեղեցկանան, մենք կօրհնենք ձեր միությունը։

ԶԱՔԱՐԵ.— (մոտենալով) Իսկ ես, քանի դեռ մահը չէ այցելել իմ ծերության, այժմյանից եմ օրհնում ձեր ապագա միությունը։ (Գրկում և համբուրում է երկուսին):
ԻՇԽԱՆՆԵՐԸ.— (հետզհետե մոտենալով՝ շնորհավորում են Ներսեհին ու Ռուզանին, բացի Համտունից, որ կանգնած է հեռու):
ՄԱՄՔԱՆ.— (Համտունին) Դու միայն, Համտուն իշխան, անտարբեր ես դեպի այս հասարակաց ուրախությունը։
ՍՄԲԱՏ.— (ինքն իրեն) Որովհետև խեղճի սրտում վառվում է նախանձի կրակը:
ՀԱՄՏՈՒՆ.— (առաջ գալով) Ինձ տանջում է ա՛յն հոգսը թե՝ Ներսեհ իշխանի անխորհուրդ կերպով թաթարաց զորքերին ջարդելը եթե Չարմաղան մեծ զորապետն իմանա և ավելի մեծ ուժով մեզ վրա հարձակի, ի՞նչ պիտի անենք։
ՆԵՐՍԵՀ.— (եռանդով և հանդիսաբար) Եթե մատնիչները նրան չեն առաջնորդել, մենք նրան կդիմավորենք մեր սրով և կրծքով...
ՄԱՄՔԱՆ.— Իսկ այժմ, իշխաններ, գնանք մեր ուրախությունը առնելու։ (Բոլորը դուրս են գնում, բացի Պապաքից ու Համտունից):


ՏԵՍԻԼ Թ
Համտուն և Պապաք


ՀԱՄՏՈՒՆ.— Պապաք իշխան, այս նախատինքն ես չի պիտի տանեմ։ Դու գիտես, որ հայ իշխանական տների մեջ մեր Սյունյաց տունը, գրեթե, առաջինն էր։ Նա բարձակից էր Ասպետական և Արծրունի նախարարությանց։ Իմ նախնիքն արծաթե գահ, ոսկի գավազան և մարգարտե վարսակալ էին գործածում և թագավորական սեղանի վրա՝ իբրև գահերեց, չորս հարյուր նախարարություններից բարձր էին նստում։ Նրանք խնամություն են արել արքայական տների հետ, և նրանց հաջորդները Բաղաց թագավորության հիմնադիրներն եղան։ Ջալալ իշխանը չի պիտի համարձակեր այս փառավոր տոհմի պատիվն այսքան անարգելու։ Ես ամենից վատարանցը կլինիմ եթե իմ անպատվության վրեժը չառնեմ նրանից կրկնապատիկ: