Էջ:Muratsan, vol. 6.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ահա, հենց իմ պատմության այդ տեղում, — շարունակեց լեհացին, — մեկ էլ տեսա պաննա Զոֆիան...

— Բայց ի՞նչ եղավ ազատված աղջիկը, — ընդհատեք ռուսն ընկերին:

— Ի՞նչ պիտի լիներ, միացավ ընկերուհիներին և շտապեց դեպի տուն ողողված հագուստները փոխելու:

— Իսկ դո՞ւ։

— Ես էլ, որ, ըստ սովորության, հետս փոխնորդ ունեի, հագա այն հենց այնտեղ, իմ կառքի մեջ և ճանապարհը շարունակեցի։

— Ի՞նչ արավ պաննա Զոֆիան, այն ասացեք, — հետաքրքրվեցա ես:

— Հա. պաննա Զոֆիան, որ սրտատրոփ լսում էր պատմությունս, որը ես, իհարկե, պատմում էի ավելի մանրամասնորեն, այլև համեմում վիպական նկարագրությամբ, հենց որ իմացավ թե` «երկար ոգորումներից» հետո, ես «վերջ ի վերջո», ազատեցի «վեշտասանամեա» գեղեցիկ օրիորդին Ռատի «կատաղի ալիքներից», հանկարծ բացականչեց մեր Սաբորինի պես`

— «Ապրե՛ս... ահա՛ թե ի՞նչ երիտասարդի արժե սրտանց սիրել»... Եվ այս ասելով խոնարհեց դեպի ինձ, առավ գլուխս ձեռքերի մեջ և իսկույն էլ ճակատիս դրոշմեց մի շտապ ու ջերմ համբույր...

— Հիանալի՜... Հրաշալի՜... Ա՛յ թե որտե՞ղ է մեր առածն արդարանում՝ Нет худа без добра: Եթե պայթյունը չպատահեր, թևդ չէր վիրավորվիլ. եթե թևդ չվիրավորվեր, հիվանդանոց չէիր մտնիլ. եթե հիվանդանոց չմտնեիր, պաննա Զոֆիան քեզ չէր համբուրիլ...։ Հիանալի՜ է, հիանալի՜, — բացականչում էր Սաբորինը հրճվանքով, առանց մտածելու թե՝ այդ պատմությունն սկսված էր իր դժբախտությունը հաստատելու նպատակով:

— Այդ օրից հետո, — շարունակեց լեհացին, — սկսվեց մեզ համար սիրահարության երկրորդ և ավելի բուռն շրջան։ Բայց դրա հետ միասին էլ ողջանում էր թևս: Այժմ ես ոչ միայն կարողանում էի շարժել այն ազատորեն, այլև նրանով ջերմությամբ գրկում էի իմ գթության քրոջը, որին յուր համբույրից հետո` չէի անվանում այլևս պաննա Զոֆիա, այլ ուղղակի Զոֆիա, որ լեհերեն փաղաքշական է։