Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես, փոխանակ ճշմարիտ զգացմունքս հայտնելու, փոխանակ ասելու թե` «թեպետ ինձ համար շատ հաճելի էր՝ հաճախ ձեզ հետ տեսնվեք և միշտ էլ ձեր քաղցր զրույցները լսել, բայց որովհետև գործն ու աշխատությունը ինձ ավելի են գրավում, ուստի շատ չեմ տխրում ձեզ թողնելուս համար, ընդհակառակն, իբրև մինն այն բազմաթիվ երիտասարդներից, որոնք առհասարակ, թեթևամտությամբ են վերաբերվում այս օրինակ սիրուն` համարելով այն պատահական զգացմունք, կամ նայում նրա վրա իբրև ուղևորության ժամանակ կայարաններում մատուցվող մի առձեռն բարիքի, որը կարող են վայելել ու անցնել, ուստի ես ևս առանց վարանելու պատասխանեցի.

— Օ՜, և ինչպե՜ս եմ տխրում. այժմյանից արդեն սարսափում եմ` հիշելով այն ժամերը, որ պիտի անցցնեմ առանց ձեզ։

— Եթե այդպես է, ուրեմն ես չեմ թողնիլ որ դուք այդպիսի ժամեր անցցնեք,— ասաց նա հուզված։

— Եվ ի՞նչ պիտի անեք, — հետաքրքրվեցա ես։

— Ես չեմ սիրում առաջուց խոսել այն բանի մասին, ինչ որ պիտի անեմ, բայց արածս կտեսնեք...։ Այս ասելով նա գրկեց ինձ, համբուրեց և արագ դուրս գնաց։

Երեկոյան դեմ Զոֆիան նորից մտավ ինձ մոտ, նստեց կես ժամի չափ և խոսում է հետս կես հուզված, կես ոգևորված և հաճախ հառում աչքերը վրաս այնպիսի մի հայացքով, որն, ասես, լցված էր լույսով ու կրակով։

Հեռանալիս ասաց.

— Այս երեկո` ութերորդ ժամից հետո` երեք ժամվա հերթապահություն ունիմ։ Այն վերջացնելուց հետո կմտնեմ ձեզ մոտ։

— Ուշ չի՞ լինիլ. — հարցրի ես։

— Ավելի լավ. — պատասխանեց նա և խորհրդավոր ժպիտով հեռացավ:

Սկզբում ես չհասկացա նրա միտքը, բայց հետո, կարծես, գուշակեցի և մի երանական ուրախություն ամբողջ էությունս գրավեց։

Գիշերվա 11-րդ ժամին, երբ հիվանդանոցում լռություն էր տիրում, սենյակիս դուռը հուշիկ բացվեցավ։ Ներս մտավ Զոֆիան։