Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ հետամտությունն, իհարկե, չէր կարող այդպես շուտ ծանոթացնել ինձ նրանց անցյալին, կամ բացատրել գեթ մինը այն գաղտնիքներից, որոնք պատճառ էին եղեք այս անհավասար ամուսնության, բայց նա ծանոթացրեց ինձ մի անսպաս ճշմարտության, այդ այն էր՝ որ ես տեսա թե Վերա Վասիլևնան (այդ էր տիկնոջ անունը) բավական խելացի, նուրբ գիտող և համբերատար մի կին է։

Այս հատկություններով, առհասարակ բնությունը նվազ չափով է օժտում կանանց, բայց Վերա Վասիլևնային, չգիտեմ ո՞ր բացառիկ օրենքի հիման վրա, տվել էր ավելի։

Այդ պարզ երևաց բոլոր այն զրույցի ժամանակ, որ տեղի էր ունենում մեր մեջ դեռ Թրիեստի կայարանից սկսած և որը, չեմ հիշում, ի՞նչ առիթով արդեն փոխվել էր լուրջ խնդրի, այն է՝ կանանց ազատագրության հարցին։

Այս խնդրում Իվան Իվանիչը (տիկնոջ ամուսինը) պահպանողական հայացքների տեր էր, մինչդեռ տիկինը, ինչպես որ սպասելի էր ազատամիտ։

Եվ սակայն սա հարցերին վերաբերվում էր ոչ այնպես հախուռն, ու վայրիվերո, ինչպես, առհասարակ անում են շատ կանայք, կամ անփորձ երիտասարդներ, այլ միշտ կոռեկտ ու տրամաբանորեն։ Յուր առարկությունները նա հաստատում էր փաստերով, իսկ ենթադրությունները հանում այնպիսի օրինակներից, որոնց դեմ վիճելը շատ էլ հեշտ չէր լինում։

Ես, սակայն շարունակ հարցեր էի տալիս և մի-մի անգամ էլ կատակով աշխատում՝ կռվացնել ամուսիններին։ Իվան Իվանիչը, որ ավելի պարզասիրտ և դյուրագրգիռ էր, երբեմն բռնվում էր իմ լարած թակարդում, մինչդեռ տիկինը զգուշությամբ խույս էր տալիս և հաճախ յուր խոհեմ ու քաղաքավար դիտողությամբ ի դերև հանում իմ չարամիտ ջանքը։ Եթե պատահում էր, որ ամուսինը գրգռվում էր վիճելիս, նա այնպես մեղմ ու ամոքիչ խոսքերով հանգստացնում էր նրան, որ ասես թե՝ մի մայր էր, որ խոսում էր յուր տասներկու տարեկան զավակի հետ։