Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն այժմ ինձ համար հասկանալի է ձեր կասկածը, բայց եթե դուք վեպ գրելու փոխարեն՝ սովորեք գուլպա գործել, այն ժամանակ կտեսնեք, որ թելի կծիկը հաճախ ինքնիրեն ելնում է քսակից և գլորվում հատակի վրա (մանավանդ եթե թելը հավասար չէ ոլորած), առանց որ գործողը մտածեր այդ վայրկենին կոկետության մասին։ Այդ պատահում է, նաև, այն պառավներին, որոնք վաղուց մոռացել են թե կոկետ են եղել մի օր:

Բայց ինչ էլ որ չասեր Վերա Վասիլևնան, այսուամենայնիվ, գթության քույրը վտանգի մեջ էր դնում իմ հավատը, որովհետև, հազիվ թե մենք լռեցինք մի վայրկյան, և ահա կծիկը նորեն գլորվեց հատակի վրա։

«Այս արդեն չափից դուրս է», մտածեցի ես, թեպետ իսկույն էլ գնդիկը որսալով տվի քրոջը, որ դարձյալ ընդունեց քաղցրաժպիտ շնորհակալությամբ։

— Այս անգամ այլևս դուք չեք համոզիլ ինձ, — ասացի ես տիկնոջը, որ հանգիստ ծիծաղում էր. — այս կինն ուղղակի խաղ է անում ինձ հետ. այժմ ես կփորձեմ ավելի մոտենալ նրան։

Այս ասելով՝ մոտ քաշեցի պայուսակս, որի մի աչքը լցրած էի Վենետիկի պատվական դեղձերով և պատրաստվում էի նրանցով հյուրասիրել գթության քրոջը, որով և, գուցե մի քիչ էլ նրա բարեկամությունը վաստակել։ Բայց շոգեմեքենան սուլեց, որ նշան էր թե արդեն մոտենում ենք կայարանին։ Պետք էր ուրեմն դիտավորությունս հետաձգեի մյուս ելքին։

Սակայն վագոնի պատուհանի մոտ հնչեց կոնդուկտորի սուր, առաձգական ձայնը «Գրաա′ց»։ Գթության քույրը վեր թռավ։

— Մենք ուրեմն հասանք,— ասաց նա, և արագ յուր գործը ամփոփեց:

— Դուք Գրա՞ց պիտի իջնեք,— հարցրի ես։

— Այո, Գրաց. — պատասխանեց նա հակիրճ և ձեռքերը ձգեց դեպի վերին դարակը յուր կապոցն այնտեղից առնելու համար։

— Ահա՛, ծառայելու հարմար միջոցը. ինչո՞ւ չեք օգնում,— խոսեց Վերա Վասիլևնան։