Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՄՏՈՒՆ․— (Բուրային) Ջալալի գանձերի մեջ, տեր-Նուին, դուք, արդարև, չեք գտնիլ այնպիսի մի հազվագյուտ բան, որից հարուստ Թաթարստանը չունենար, բայց յուր սնդուկներից դուրս նա ունի մի այնպիսի գանձ, որի նմանը, արդարև, մեծ Թաթարստանը չունի. և արժե, տեր, որ այդ գանձը դո՛ւ ունենաս։

ԶՈԼԱ․— (հետաքրքրությամբ) Ինչպիսի՞ գանձ է այդ։
ՀԱՄՏՈՒՆ․— Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի։
ՋՈԼԱ․— (տեղը հանգստանալով) Ա՜, հասկացա, դատարկ բան է։
ԲՈՒՐԱ․— (լարված հետաքրքրությամբ) Մի աղջիկ, որ հրեշտակից ավելի գեղեցիկ է և արշալույսից ավելի հրաշալի՞, և անո՞ւնը...
ՀԱՄՏՈՒՆ․— Ռուզան։
ԲՈՒՐԱ․— Որ դեռ ամուսնացած չէ՞։
ՀԱՄՏՈՒՆ․— Որի հարսանիքն էր այս օրերս, բայց այդ հարսանիքը ձեր գալովը խանգարվեց։
ԲՈՒՐԱ․— Ասացիր, որ շա՞տ է գեղեցիկ։
ՀԱՄՏՈՒՆ․— Ամբողջ Թաթարստանը կնախանձի քեզ, տեր, եթե նրան քո ամուսին տեսնե։
ԲՈՒՐԱ․— (ոգևորված) Այդ գեղեցկուհին իմը կլինի։ Եթե բոլոր աշխարհն անգամ ինձ ընդդիմանա, այսուամենայնիվ, ես նրան կառնեմ։ (Դառնալով դեպի Ջոլան) Հորեղբայր, ի՞նչ կասեիր, եթե ես իմ հոր՝ Չարմաղանի կողմից հրամայեի բերդի պաշարումը վերցնել և Ջալալ իշխանի դուստրը ինձ կնության առնելով՝ բարեկամություն հաստատեի նրա հետ և մեր զորքերը նրա երկրից հանեի։
ՀԱՄՏՈՒՆ․— (ինքն իրեն վախեցած) Ի՞նչ է ասում...
ՋՈԼԱ․— (նեղանալով) Հապա ո՞ւր կմնա քո հոր զորքերի ջարդվելու վրեժը և այս բանակի այսքան ժամանակ հոգնեցնելու արդյունքը։