ՀԱՄՏՈԻՆ․— Քո մեծությունը չէ ճանաչում հայի համառությունը։
ՋՈԼԱ․— Անշուշտ, որովհետև այս առաջին անգամն է, որ սա գործ ունի ձեր կամակոր ազգի հետ։
ԲՈԻՐԱ․— Լավ, թող այդպես լինի։
ՋՈԼԱ․— (դառնալով յուր թիկնապահին) Ջափա՛ր, շուտով հասիր մեր պաշարող զորքերին և ասա Գիուգ զորապետին, որ հարձակումը դադրեցնե. ապա թող գյուղերից ժողովել տա հազար հոգի և ամեն բան կարգադրե այնպես, ինչպես իշխանն ասաց։ Դեհ, շուտ։
ՋԱՓԱՐ․— Այս րոպեին, տե՛ր։ (Դուրս է գնում):
ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և մի բարապան
ԲԱՐԱՊԱՆ․— (ներս մտնելով) Պայծառափայլ տյարք, ձեր մեծությանց ներկայանալու համար եկել են Ջալալ իշխանի մարդիկն՝ ընծաներով, կհրամայե՛ք ընդունել և բերել նրանց այստեղ։
ՋՈԼԱ․— Ընդունի՛ր։ (Բարապանը դուրս է գնում) Անշուշտ խաղաղություն խնդրելու համար են եկել։ Բայց ես նրանց և ոչ մի առաջարկությունը պիտի ընդունեմ։ Ինձ հարկավոր է Ջալալի ամրոցն, որ այս երկրի ապստամբության ծննդարանն է, և որն ես հիմնահատակ պիտի անեմ։ Իսկ իշխանի գանձերն առանց յուր բարեհաճ կամացն իսկ մերը կլինին։ Այս բերվածները դեռ կընդունինք իբրև առհավատչյա։
ՀԱՄՏՈԻՆ․— Այո՛ տեր, դուք զրկած կլինիք ձեր բանակը հարուստ ավարից և ձեր քսակներն՝ անգին գանձերից, եթե նրա խաղաղության առաջարկությունն ընդունեք, կամ բավականանաք նրա ղրկած ընծաներով, որոնք, անշուշտ, ոչ այլ ինչ են, եթե ոչ նրա իշխանազն հյուրերի գրպանների թափթփունքը։
ԲՈԻՐԱ․— Իսկ որ ամենից ավելի է, մինչև որ նրա դուստր Ռուզանն իմ վրանը չբերվի, և ոչ մի խաղաղության դաշն պիտի կռվի։ Ռուզանն առնելուց ետ՝ մենք ձեռք չենք տալ նրա ամրոցին. ես իմ հոր անունով կշնորհեմ Ջալալին յուր ազատ իշխանությունը: