Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲՈՒՐԱ.— Այո՛, իշխանուհի։

ՌՈՒԶԱՆ.— Երկու օր առաջ սկսված էր իմ հարսանիքը: Ես պիտի ամուսնանայի այն երիտասարդ իշխանազնի հետ, որին երկար ժամանակից ի վեր սիրում եմ։ Բայց ձեր անակնկալ հարձակումը մեր ուրախությունը փոխեց տխրության...
ԲՈՒՐԱ.— (ցույց տալով Համտունին) Այս իշխանը կարող է վկայել, որ ես ցավել եմ դրա համար։
ՌՈՒԶԱՆ․— Շնորհակալ եմ... Այդ ցավը, սակայն չէ արգելել քեզ պահանջել իմ հորից' ուղարկել յուր դուստրը քեզ կնության։
ԲՈՒՐԱ.— Քո գեղեցկության գովեստն, որ այս իշխանն արավ, քեզ դարձրեց իմ սրտին կարի տենչալի։
ՌՈՒԶԱՆ.— Սակայն քո պատգամը մեր ամրոցը լցրեց վշտով։
ԲՈՒՐԱ․— Ինշո՞ւ, իշխանուհի, Չարմաղանի որդին մի բանով ավելի արժե, քան ա՛յն իշխանազնը, որին քեզ հայրդ պիտի տար։
ՌՈՒԶԱՆ.— Չարմաղանի որդին շատ ավելի արժե... Բայց այդ չէ խնդիրը... Մենք գարշում ենք ձեզանից ոչ թե նրա համար, որ դուք այլակրոն, կամ, ըստ մեզ՝ անհավատ եք, այլ, որովհետև ձեր սուրն ու ձեռքերը պղծվում են շարունակ անմեղների արյունով. որովհետև դուք ձեր հացը զանգում եք թշվառների արտասուքով։ Այնտեղ, ուր կոխում է ձեր ոտքը, սփռում է ավեր և ապականություն, ահա՛ այս ամենի համար մենք ատում ենք ձեզ։
ՋՈԼԱ.— (անհանգիստ շարժումներով) Եղբորորդիս կամ գժվել, կամ անզգայացել է։
ԲՈՒՐԱ.— Լռի՛ր և լսիր, ծերո՛ւկ։
ՌՈՒԶԱՆ.— Եվ այսպես՝ եթե իմ հայրը մերժեց քո առաջարկությունր, նա իրավունք ուներ, որովհետև ոչ մի ծնող չի հոժարիլ յուր դուստրը կնության տալ ա՛յն ազգի որդուն, որին ինքն ատում և որից գարշում է, սակայն ես, որ պաշտելու չափ սիրում եմ իմ փեսային և կյանքն առանց նրան համարում եմ դժոխք, այնուամենայնիվ, երբ իմացա թե՝ հորս մերժումը պիտի գրգռե ձեզ՝ այս անմեղները կոտորելու, և թե մերայինները չի պիտի կարենան ժամանակին այս մարդազոհն արգելել, գաղտուկ փախա մեր ամրոցից և միայնակ եկա այստեղ, որպեսզի արգելք լինիմ այն կոտորածին, որ իմ պատճառով պիտի լիներ։ (Դեմքը Բուրայից կիսադարձ պարզում է ձեռը նրան): Ահա քեզ իմ ձեռը: