Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավունք ունի բաց թողնել շատ բան, թույլ տալ անկարևոր անախրոնիզմներ, իրավունք ունի խանգարել պատմության փաստական ճշմարտությանը, որովհետև նրան հարկավոր է գերակայական (իդեալական) ճշմարտություն:

«Առեք երեք-չորս ընտիր պատմագիրներ, որոնք խոսում են այս կամ այն ժամանակի կամ պատմական անձի մասին, և կտեսնեք, որ այդ ժամանակը կամ անձը դրանցից ամեն մեկի գրվածքում զանազանվում է որոշ, հակասական ստվերագծերով։ Կնշանակե, պատմության մեջ էլ կա ստեղծագործություն, կնշանակե պատմագիրն էլ իր համար իդեալ է ստեղծում։ Քրոնիկները լինում են միատեսակ, բայց դրանց համեմատ կազմված իդեալները զանազան։

«Երբեմն արվեստագետը (մանավանդ երբ նրա տաղանդը ենթակայական-սուբյեկտիվ է), ունի կատարյալ իրավունք եղծանել պատմությունը իր պատմական դրամայի մեջ, առնելով այն (պատմությունը) միայն իբրև շրջանակ իր գաղափարի համար։ Շիլլերի Փիլիպպոսն ու Դոն-Կարլոսը ոչնչով նման չեն պատմական Փիլիպպոսին և Դոն-Կարլոսին (ինչպես և Շեքսպիրի Համլետը պատմական Համլետին), բայց լինելով անհավատարիմ պատմական ճշմարտության, նրանք վերին աստիճան հավատարիմ են մարդկային հոգու, մարդկային սրտի հավիտենական ճշմարտությանը, հավատարիմ են բանաստեղծական ճշմարտությանը, որովհետև հնարովի կամ մտացածին չեն, այլ ինքնագո»։

Առաջ բերելով հայտնի կրիտիկոսի այդ կարծիքները պատմական դրամայի վերաբերմամբ, կարծեմ, ինձ այլևս ոչինչ չէ մնում ավելացնել համոզելու համար «Ռուզանի» քննադատ պ. Լ․-ին, որ ես իմ դրամայում ուղիղ ճանապարհն եմ ընտրել քերթողական արվեստի օրենքներին և նրա հավիտենական ճշմարտությանը հավատարիմ մնալու համար։

Մնացած ոչ-հիմնական կետերի վերաբերմամբ ավելորդ եմ համարում խոսել։

Մուրացան