Էջ:Muratsan, vol. 7.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան. լավ եմ գրել թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքներն հաղորդել։ Այդ պատճառով, եթե մեկը այսօր իմ գրվածներից կամենա թարգմանել եվրոպական որևէ լեզվով, անօգուտ ծառայություն արած կլինի այդ լեզվին, որովհետև գրածս միմիայն հայ մարդու համար է եղած, որի ցավերն զգալու և ճանաչելու համար անգամ հայ պետք է լինել, ուր մնաց այդ ցավերի մասին գրվածները կարդալու և հասկանալու համար...։

Հարցնում եք` ի՞նչ նպատակ պիտի ունենա հեղինակը և ի՞նչ նշանակություն ունի վեպը։ Այդ հարցին կարող էի պատասխանել այն` ինչ որ կպատասխաներ Զեզ ամեն մի գրող և ինչ որ սովորեցնում են պատասխանել նույնիսկ աշակերտներին։ Այս պատճառով սովորական դարձվածքներ չեմ կամենում հեղհեղել։ Բայց ես կցանկանայի, որ դուք ինձ հարցնեիք, թե ի՞նչ նպատակ և ձգտում պիտի ունենա հայ հեղինակը, և ի՞նչ հոգվով պետք է գրել հայերի համար վեպեր և զրույցներ։ Չէ՞ որ մենք բախտավոր ազգերի թվին չենք պատկանում և բացառիկ բախտի ու պայմանների մեջ լինելով բացառիկ էլ նպատակ ու ձգտումներ պիտի ունենանք...։ Բայց այս մասին դուք ինձ չեք հարցնում, ես էլ լավ է, որ ուրիշ անգամ խոսեմ Ձեզ հետ, մանավանդ, որ այժմ չափից ավելի երկարեց այս նամակը, որը կարդալու համար էլ գուցե ձանձրույթ զգաք, մանավանդ, որ խիստ անմաքուր եմ գրել և շատ տեղ ջնջոտել եմ։ Այսուամենայնիվ կներեք։

Ընդունեցեք անկեղծ հարգանքներս և սրտագին ողջույններս։

խ. ծառա Ձեր
Մուրացան