Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուր կարողանում մտածել միայն
Սրտերը մաշող վշտերի մասին,
Քննել գաղտնիքը չարի գոյության
եվ խորհուրդը յուր տված վնասին։
Գիտենալ ինչու՞ նա աշխարհի մեջ
Թագավորում է ազատ, համարձակ,
Թե ծերի սրտում և թե՛ պատանու
Սահման գրավում այդքան ընդարձակ։
Ինչու և՛ կնոջ մանկամարդ սիրտը,
Խոստացող լինել՝ սրբության խորան,
Ծնում է նույնպես ահավոր չարիք,
Լարում է անմեղ ընկերին դարան։
ինչո՞ւ և այնտեղ, ուր սիրո ծառը
Ուռճացել, ծաղկել, պտղում էր բարին,
Սողում էր օձը մահաբեր շունչով
Եվ թունավորում պտուղը ծառին։
Ինչո՞ւ… բայց զուր հարց, երբեք չիմացա
Թե ինչո՞ւ բարվո ուղին է անձուկ,
Իսկ չարինը լայն, ազատ, վարդալից,
Անշուշտ դա Վերին խորհուրդն է ծածուկ։
Թողնեմ ուրեմն չեմ ուզում այլևս
Հետամուտ լինել այդ գաղտնիքներին,
Չեմ ուզում հիշել վշտերը կյանքիս,
Ո՛չ էլ դավաճան գործերը չարին…
Դառնում եմ, ահա՛, նորից դեպի քեզ,
Դեպի Պառնասի բարձունքը խաղաղ,
Առաջվա նման պատկառոտ ու հեզ,
Կրծքումըս դարձյալ նույն սիրտը մատաղ։
|
|