Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, թե ինչու համար 25֊ի Նամակս այնքան ուշացել է. երևի մի փոշտ հետ են ձգել։ Վերջապես ուրախ եմ, սիրելիս, որ էլի ուրախացուցիչ նամակ ես գրել՝ ինչպես միշտ։ Դու իզուր ես կարծում, թե քո նամակներն անհամ և անհետաքրքիր են լինում. ընդհակառակը, ես նրանց ամեն մի տողը իմ տասը նամակի հետ չեմ փոխիլ (իմ վերաբերությամբ, իհարկե)։ Որքան էլ որ պարզ լինի քո նամակը, միշտ սիրելի է ինձ համար։ Եվ վերջապես ինչ հարկ կա ցանկանալ սևթևթել բնականը, ճշմարտությունը. ինչ որ հարկավոր է, այն լիուլի մատակարարում են ինձ քո նամակները. ավելին ես չեմ ցանկանում։

Քո նախանձոտ դառնալու մասին ես գրում ինձ. այդ ինձ ավելի է զվարճացնում. ես սիրում եմ, երբ կանայք նախանձոտ են, մարդու նախանձը շան զգացմունք է, իսկ կնոջ նախանձը՝ սիրո զգացմունք. միթե ես ուրախ չի պիտի լինեմ, երբ տեսնեմ, թե դու ցանկանում ես ինձ միայն քեզ համար ապրող տեսնել. այդ նշանակում է քո բոլոր աշխարհը դու միայն իմ մեջ ես տեսնում. սրանով արդեն զրկվում է և իմ ինքնասիրությունը. ինչու ուրեմն գոհ չլինել բախտի այս առավելությունից։ Բայց ես մի փոքր ծիծաղեցի, երբ դու ասում ես «տես, զգուշացիր, ես ամեն բան կարող եմ իմանալ…»։ Եվ դու ինչ կարող ես իմանալ, իմ խղճուկ Ոսկի. թե ես, նույնիսկ այսօր, մի ժամադրություն ունեցած լինեմ և… մի՞թե դու հավիտյան կարող ես բան իմանալ։ Վախենալ և երկյուղից հանգիստ մնալ, դա քաջություն չէ, և դու չպետք է կամենաս, որ երկյուղը լինի իմ առաքինության պահապանը, այլ խնդրիր աստուծո, որ նա իմ ներքին ձայնը այնքան զորացնե, որ այդ ձայնը միայն կառավարե իմ զգացմունքները։ Եթե մարդ ինքը երջանիկ չէ զգում իրեն՝ յուր սրբազան ամուսնության հավատարիմ մնալովն, հավատացիր, որ ոչ մի երկյուղ նրան հետ. չեն կասեցնիլ չար ճանապարհից, եթե կասեցնել հաջողին իսկ, ինչ արժեք այնուհետև ամուսինը յուր ամուսնո աչքում, կամ, նույնիսկ, յուր խղճի առաջ. ինչ երեսով նա կարող է արդարանալ։ Վերջապես նախանձիր ինձ, որքան կարող ես, բայց մի համբույր, մի համբույր ղրկիր ինձ. ես արդեն ծարավել եմ…