Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու իմ նամակը շատ անուշադրությամբ ես կարդում, որ նրա մտքերին միշտ հակառակ ես գործում։ Թողնելով ուրիշ շատ զանցառությունները, որոնց մասին, երբ կգաս այստեղ, կխոսամ, ես քեզ ուզում եմ կրկին հիշեցնել այն նամակը, որի մեջ խնդրում էի քեզ աշխատել այնպես հարմարեցնել, որ կիրակի օր լինի ձեր մուտքը ի Թիֆլիս, որպեսզի ես ազատ լինեմ, և այդ առաջին օրը ամբողջապես վայելեմ քո ընկերակցությունը,.. Կարծեմ այս ցանկությունը մի բան արժե, ուրեմն չպետք էր անտես անել նրան։ Դու լավ պետք է հասկանաս, որ իմ դրությունը անտանելի կլինի, թե լուր օր մտնեք դուք Թիֆլիս և ես հենց առաջին տեսակցության Ժամանակ բաժանվեմ քեզանից ամբողջ վեց ժամով։ Դու գիտես, որ ես իմ պարտքը գերադասում եմ անձնական զվարճությունից, հետևապես որքան որ ցանկանամ մնալ քեզ մոտ, անկարելի է, որովհետև իմ պաշտոնը չի ներիլ այդ․ ուրեմն ինչ հաշվով այդպիսի սառնասրտությամբ գրում ես, թե «դուրս կգանք 2-ին կամ 3-ին», մինչդեռ առաջուց արդեն դու պետք է հաշիվ արած լինեիր, որ կամ ամսույս 29-ին պետք է դուրս գայիք, որ կիրակի մտնեիք Թիֆլիս, կամ սեպտեմբեր 5-ին, որ նույնպես կիրակի մուտք գործեիք։ Մի ուրիշ մարդ այս նամակը կարդալով կծիծաղի ինձ վերա, բայց դու պետք է հասկանաս ինձ... դու պարտավոր ես հասկանալու… Թեպետ սրանք շատ չնչին բաներ են, բայց քո վարմունքը ինձ վիրավորում է, որովհետև ես ակամա գալիս եմ այն եզրակացության` թե ուրեմն դու բոլոր իմ գրածները բանաստեղծությունների տեղ ես ընդունում։

Ես զգում եմ, հոգիս, որ խիստ եմ խոսում, և մինչև անգամ դավաճանում եմ սիրո մասին ունեցած իմ սկզբունքներին․ բայց ես քեզ վիրավորելու, կամ տխրեցնելու համար չեմ խիստ խոսում, այլ փաստը հիշեցնելու համար, որը գուցե շատ միամտաբար ես դու իմ ձեռքը տալիս: Այսպես, թե այնպես, դու պետք է մի փոքր զգուշավոր լինես իմ գուրգուրած քնքշություններին չդիպչելու, որովհետև այդ դեպքում ես խոր հոգվով վիրավորվում եմ: Եթե ես իմ ոգևորության ժամանակ այնտեղ եմ հասնում, որ կամենում եմ համբուրել քո ոտքը, դու մի մերժիր նրան ինձ, որ համեստության պահպանության