Էջ:Muratsan, vol. 7.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեռնել քեզ հետ միասին.
Գյուղում ոչ ոք նստավ յուր տուն,
Ամենքն ելան կռվելու,
Ինչո՞ւ Ալմոն ձեռքը ծոցում
Մնար թուրքից գերվելու»։
Հերոսն իսկույն գորովվեցավ,
Գրկեց յուր գողտր ամուսին,
Ապա բերած կրակն առավ
Տվավ նրան շատ բաժին։

— «Մահն է արդեն մեր առաջև,
Գիտցիր ընկերդ իմ անգին,
Անցիր փութով ժայռի ետև
Կրակ ուղղիր զորքերին։
Քանի որ շունչ ունինք մենք դեռ
Պիտի զարնենք թշնամին,
Իսկ երբ մեզ մահ կտա մեր Տեր,
Աստ կհանգչենք միասին…»:

— «Իմ էլ այդ է միակ փափագ»,
Ասաց Ալմոն ու թռավ,
Հրացանն առավ և դեպի ձոր
Կրակ թափել սկսավ։

Երկար նրանք կռվում էին
Ինչպես անվախ առյուծներ
Եվ մեն մի զույգ հարվածներին
Զոհում նույն չափ մարտիկներ։
Ոչ ոք ստվար այդ բանակից
Կիրճը մտնել չէր զօրում,
Հերոսների գնդակներից
Ամենքի սիրտն էր դողում։
Հանկարծ կթեց հերոսուհին,
Հրացանն ընկավ իր ձեռից,
Վազեց Ավոն դեպ սիրելին,
Գտավ զարնված գնդակից։