իմ հոգեկան դրության կանոնավոր լինելու վրա։ Այս հիշողությունները արդարև մի առանձին միտք չունեն—գոնե քեզ համար, որովհետև դու միայն գրված տողեր պիտի կարդաս, հիմար տողեր, անմիտ իմաստներ… Բայց ինձ համար նրանք մեծ նշանակություն ունեն. ես ապրում եմ նրանցով, որովհետև դեռ ինձ մոտ չէ նա, որ ստեղծել է այդ շրջանները և հիշտակները, նա, որ իմ երիտասարդության կյանքը, իմ զգացմունքների թելադիրը։ Իմ կրոնի աստվածածին է քշել… Ես հո քեզ նամակ չեմ գրում. ես փորձում եմ գրի վրա առնել իմ սիրատանջ հոգուց զեղմունքը. կամենում եմ տեսնել, թե գրիչը ընդունակ է պատկերացնել իմ ներքին աշխարհի խռովահույզ և ոգևորյալ դրության գեթ ուրվագիծը և ինքս ծիծաղում եմ ինձ վերա, որ, այսպիսով, փորձերով ժամանակ եմ կորցնում, մինչդեռ երևակայությանս ապավինելով ամեն տեսակ մխիթարություն կարող էի ստանալ։
Երևակայություն․ գիտես արդյոք ինչ բան է դա, բնության մեզ շնորհած մոգական հայելին. հիմարները նրա մեջ տեսնում են իրենց բախտը, երջանկությունը, հավիտենական երանությունը, իսկ հիմարագույնները իրենց բախտը և դժոխքը… կցանկանայի այնքան իմաստուն լինել, որ երբեք չկարոտեի երևակայությանս ուժին՝ կամ այնքան զգաստ՝ որ չստրկանայի նրա կարողության առաջ։ Դու որն ես, հիմարը, թե իմաստունը, գրիր ինձ, բայց ճշմարիտը գրիր, հետո ավելացրու մի քանի փաստեր, այսինքն, թե առաջինն ես, անշուշտ ամեն օր ինձ երևակայում ես քո առաջ կանգնած, քեզ հետ սիրախոսում, քեզմով հիանում, քեզմով միայն ապրում։ Իսկ թե երկրորդը ուրեմն լուռ ու մունջ պարապում ես քո կար ու կարկատանով, քո վարենիաներով, քո զբոսանքներով, և երբ շաբաթ օրը դիպվածով տեսնում ես մայրիկի ժամացույցը բուխարու գլխից կախած և նայում տեսնում ես, որ ժամի 6-ն է, հանգիստ սրտով կանչում ես Թամարին—«էյ դետա֊կացի, մոտի էս օթախաբի ղացմենդա շայեձլեբա շենի բատոնի մովիտես․—»։ Իսկ ինչ ինձ է վերաբերում, սիրելիս, ես միշտ հիմար եմ և հիմար էլ ուզում եմ մնամ, թող գոնե երևակայությանս