Այսօր առավոտ ժամը 10½ են միայն հանձնեց ինձ Միրզայանցը Ավետի հեռագիրները, երկուսն էլ ըստ սովորության (իբր թե սխալմամբ) բացած։ Կարդացի և սառեցա: Ոչ մի շանթ, ոչ մի կայծակ չէր կարող հարվածել հինավուրց կաղնին այնպես անողորմ, ինչպես քո հեռագիրը և ստորագրությունը իմ սիրտը հարվածեց: Գովում եմ քաջությունս, որ ներքին հանկարծական հուզմունքս երևան չհանեցի։ Ամենից առաջ շտապեցի հեռագրով խնդրել քեզ ճանապարհվելու մտադրությունդ թողնել, ապա հուզված սրտով և մեքենայաբար հաշիվներովս սկսա զբաղվել։ Իհարկե գործ չէի շինում, այլ շարունակ անիծում էի ինձ, որովհետև կատարելապես զգում էի, թե ինչ հոգեկան վրդովմունք է ստիպել քեզ այդպիսի հեռագիր ինձ քաշելու։ Երանի այն մարդկանց, որոնք քաջություն են ունենում իրենց սխալ կամ ուղիղ վարմունքը համառությամբ ջատագովելու. ես այնքան թույլ եմ այդ կողմից, որ իմ վարմունքի մեջ ունեցած ամենափոքրիկ անարդարությունս անգամ զինաթափ է անում ինձ թե թույլի և թե զորեղի և նամանավանդ սիրածս անձի առաջ։ Այսպիսի բնավորությանս վերա դու միայն կարող ես խղճալ։
Երբ Միրզոյանցը հեռացավ, թողեցի պարապմունքս և վրդովված ու ալեկոծված, ետ ու առաջ ման գալով, սկսա կանտորի հատակը մաշել։ Հազար և մի մտքեր, մեկը մյուսից զորավոր, մեկը մյուսից անողոք, սկսան սիրտս ու հոգիս կեղեքել։ Սրանցից ազատվելու համար մեկ ուզում էի սրոչնի հեռագրով մի ամբողջ նամակ ուղարկել քեզ, որպեսզի կես ժամից հետ արդեն սիրտս ամբողջապես բացված լիներ քո առաջ, մեկ կամենում էի հենց այս երեկո ճանապարհվել Բաքու և քառորդ ժամ տեսնել քեզ, ամոքել սիրտդ և վերադառնալ. գոհ կլինեիր դու, թե ոչ, չգիտեմ, բայց իմ հոգիս կխաղաղվեր։ Սակայն ամեն մի միտք յուր արգելքը գտավ խոհեմությունը վերջապես ստիպեց ինձ բավականանալ միայն քեզ քաշածս հետևյալ հեռագրով. «Քո հեռագրից թափանցում եմ քեզ պատճառածս վշտի ծանրությանը, բայց մխիթարում եմ ինձ այն հույսով թե դու մեծահոգությամբ կփոխարինես (իմ վարմունքը). անհամբեր սպասում եմ ավելորդ փոթորկից ետ ծագող կենդանարար արևին».— Այդ արևը քո նամակն