Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դերի հարցը։ Նա համերաշխ է Սմբատ Շահազիզի հետ, պահանջում է, որ «ճշմարիտ ազգասիրությամբ» դաստիարակվող մանուկների մայրերը կրթված լինեն, հայրենասեր։ Բայց և այնպես Մուրացանը կնոջ հասարակական դերի հարցը քննության առնելիս, նրա գործունեության ոլորտը սահմանափակում է լուսավորության և բարոյագործական շրջանակների մեջ, առաջնության իրավունքը վերապահելով տղամարդուն։ Այդ բանը հաստատող բազմաթիվ փաստերից նշենք մի քանիսը։ Քույր Աննան հենց որ լսում է իր ուսուցչի և պաշտեցյալի՝ Գարեգինի մահվան բոթը, հիվանդանում է, մահիճ մտնում և կարճ ժամանակվա մեջ կնքում իր մահկանացուն, որովհետև, նրա ոգևորության աղբյուրն իր ուսուցիչ Գարեգինի նկատմամբ 20 տարիների ընթացքում պահպանած անմար սերն է։ Զրկվելով այդ սիրուց, ոգևորության աղբյուրից, նա թուլանում, գրեթե կամազուրկ է դառնում։ Քույր Աննան ասում է. «Ես այժմ ինձ տեսնում եմ անզոր այլևս արգելքի դեմ մաքառելու և դրա պատճառը համարում եմ այն,—որ իմ մեջ տակավին ապրում է կինը, նա որին մեծ բանաստեղծը իրավամբ անվանել է թուլություն»: Սահականուշը ևս («Գևորգ Մարզպետունի») դառնում է մի եղեգն, երբ իմանում է, որ Աշոտ Երկաթը սիրել է Ասպրամին։ Միակ բացառությունը, այդ Գևորգ Մարզպետունու հարսն է` Շահանդուխտը, որը ստանձնում է ամրոցի Բերդակալի պաշտոնը։ Մորը առաջնակարգ տեղ հատկացնելով ազգի բախտի տնօրինման մեջ, բնականաբար, Մուրացանը պետք է դրվատեր և հիրավի դրվատել ու փառաբանել է հայ կնոջ, թե որպես հայրենիքի դուստր և թե իբրև ամուսին ու մանավանդ մայր։ Հայրենասեր կանանց հոյակապ կերպարներ նա կերտել է իր պատմագեղարվեստական երկերում։

Մուրացանը պատմական թեմային ձեռք զարկեց դեռևս 80-ական թվականների սկզբում։ Նա պատմական թեմայով գրած իր երկերում արտակարգ պաթոսով և բարձր վարպետությամբ երգել է ու ջատագովել իր հայրենիքը և նրա փառքը, հարազատ ժողովուրդն ու նրա վսեմ հայրենասիրությունը։ Քանի որ նրա պատմական թեմայով գրված գործերի առաջնեկը «Ռուզանն» է, դրա համար էլ առաջին հերթին անդրադառնանք այդ դրամային։

«Ռուզանի» մեջ նկարագրված են մոնղոլական հորդաների՝ 13-րդ դարում Հայաստանում կատարած ապստամբությունների ընթացքում տեղի ունեցած անասելի բարբարոսությունները և դրանց դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարը։ Պատմական այդ բարդ իրադարձությունների հիմքի վրա ցույց է տրված հայ աղջկա՝ Ռուզանի անձնվեր հայրենասիրությունը։ Մուրացանը այս դրամայում արծարծել է հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության գաղափարը։ «Ռուզանը» անցյալ դարի 80-ական թվականների սկզբից մինչև այսօր ցած չի իջեցվել հայ բեմից։ Նրա երկարակեցության գաղտնիքը պետք է փնտրել ոչ միայն դրամայում արտահայտված բարձր գաղափարայնության, այլև ու առաջին հեոթին, նրա գեղարվեստական արժանիքների մեջ։ Վսեմ գաղափարը համակել ու համակում է հանդիսատեսին շնորհիվ արվեստի թովչանքի։ Պատահական