Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիպասանը մինչև վերջն էլ աններողամիտ է գտնվել հայրենանվեր, դյուցազնասիրտ արքայի նկատմամբ, նրա անձնական մի թուլության» պատճառով։ Այդպիսի մոտեցման հետևանքով կենտրոնախույս ու պառակտիչ ուժերի գլխավոր դեմքերը՝ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը պահանջվող վճռականությամբ չեն ծաղկված ու նշանակված։ Բայց այդ մասնակի «մեղանչումը» պատմական ճշմարտության հանդեպ վիպասանը կարողանում է պատճառաբանել և ընթերցողին համոզել իր այդօրինակ վերաբերմունքի իրավացիության մեջ։

«Գևորգ Մարզպետունի» վեպում արծարծված են հայրենասիրության և ընտանիքի ամրապնդման հարցերը։ Մուրացանի պատմավիպագրության համար բնորոշը գլխավոր հերոսի լայն ու խորունկ, բազմակողմանի և ամբողջական բնութագրումն է: Հիրավի, կերպարը կերտված է սյուժետի անխոտոր զարգացմամբ և հանգույցը լուծված է միանգամայն համոզիչ ձևով։ Հայ ժողովուրդը հայրենիքի ազատության և անկախության համար մղած պայքարում առաջնորդվում էր մի նշանաբանով. «Արաբացին Արաբիայում պիտի իշխե և ոչ թե Հայոց երկրում»։ Գևորգ Մարզպետունին խոր հավատ ունի ժողովրդի հանդեպ, այդ հավատն է, որ նրան կամք ոլ կորով է ներշնչում հերոսաբար կռվել թշնամու դեմ։ Նրա համոզմամբ «ժողովուրդը մի հեղեղ է, որ զորացավ, կարող է թումբեր կործանել, ամբարտակներ տապալել»։ Գևորգ Մարզպետունին մարմնացյալ հայրենասիրություն է և չնայած իր իշխանական ծագմանը, հայրենիքի համար մարտնչում է իբրև հասարակ զինվոր»։ Նրա ուխտն է՝ «Լինել անձնվեր զինվոր և նահատակ հայրենիքի փրկության»։ Գևորգ Մարզպետունին հայրենիքին նվիրաբերում է ամեն ինչ, ինչ որ թանկ է իր համար աշխարհում: Նրա բոլորանվեր հայրենասիրության տեսակետից հատուկ ուշադրության է արժանի նրա երդումը։ Դիմելով իր զինակիցներին, նա ասում է. երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականի անունով, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնա այլևս իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնի իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։ Թող կործանե ինձ աստված, թող քրիստոնեան ինձ Հուդա և հայը Վասակ անվանե, եթե ես երբեք դրժեմ իմ ուխտին ու երդմանը։ Ես պիտի ապացուցանեմ, որ ամրոցների և իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնվիրության մեջ։

Մուրացանը վեպում բարձր վարպետությամբ է կերտել Մարզպետունու կերպարը վեր հանելով նրա զորավարական քաջարի գործունեությունը և հոգու կենսագրությունը, հանդես բերելով նրան որպես նաև գթառատ հայր, հայրական բոլոր նուրբ զգացումներով։ Մարզպետունի իշխանը Վահրամ Սեպուհի հետ միասին թշնամու վրա հարձակում նախապատրաստելու նպատակով մարտական գործողության վայրը հետազոտելուց վերադառնալիս, երբ տեսնում է որդուն՝ Գոռին գլուխը կոճղին հենած քնած և լուսնի շողերի տակ նրա գեղեցիկ դեմքը, սթափվում է և մի ծանր զգացում ճնշում է նրա ծնողական սիրտը։ Այդ ազդված պահին նրա մեջ խոսում է