Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներկա հրատարակությամբ ընթերցողին ներկայացվում են նաև Մուրացանի բանաստեղծությունները և նամակները, քաջալերված այն հույսով, որ դրանք ավելի կնպաստեն հեղինակի ստեղծագործության բազմակողմանի ճանաչմանն ու արժեքավորմանը։ Ընթերցողը չի կարող չնկատել, որ Մուրացանի նամակները անկեղծ մարդու պայծառ հոգու արտափայլումներն են, ջերմ սրտի թրթիռներ, զգայուն հոգու տրոփյուններ։

Մուրացանը սարնիվեր բարձրացած և լեռնապարի գագաթին իր փառքի դրոշն ամրացրած, գեղարվեստական խոսքի առաջնակարգ վարպետ է, մեծ դասական։ Մուրացանը թանկ ու հարազատ է մեզ որովհետև նրա գործերում պատկերված են ներկա սերնդի նախահայրերի, ու հայրերի ազնիվ աշխատանքը, ստեղծագործական կորովը ազգային հանճարի կարելիությունները և հերոսական մաքառումները ընդդեմ դաժան ճակատագրի։ Մուրացանն իր հարազատ ժողովրդի փառքն է երգել և հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված դյուցազունների գովքն է արել։ Նրա ստեղծագործությունը անձնվեր հայրենասիրության պատգամախոսություն է։ Հայ ժողովուրդը հարգանքով, շնորհակալությամբ և պարծանքով է արտասանում Մուրացանի անունը՝ նրան գնահատելով իբրև իր ազգային հանճարի գեղեցկագույն ստեղծագործություններից մեկը։

Մ. Նահապետյան