Jump to content

Էջ:Muratsan, vol. 7.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևան տեսնելու փափագս. Երևանի խճուղին, լեռնային տեսարաններ. Սեմյոնովկա կայարանը. Չիբուխլու գյուղը. Գեղամա ծովակի և կղզու պատկերը, կայարանի տիրոջ անարդարությունը. ծովափի ուխտավորները. ծովակի վրա դեպքեր ու հիշողություններ. Սևանի կղզին. քուրդ փակակալի ստեղծած դժվարությունները. Սողոմոն սարկավագը. ուխտավորների ընթրիքն ու պարերգը. Սևանի ուխտավորները. Վարդավառ առավոտ եկեղեցում:

Քիչ հայեր կգտնվեն, որոնք Սևան անունը լսած կամ նրա մասին մի բան կարդացած չլինին, ինչպես և քիչ հայրենասեր հայեր՝ որոնք այդ անունը լսելով, փափագած չլինին նրան աչքով տեսնել և նրա մատուռներում աղոթել։ Ինձ համար, գոնե, իբրև մի հայի, որ յուր հայրենյաց հինավուրց հիշատակարաններին այցելելն ու նրանց համբուրելը սրբազան պարտավորություն է համարում, Սևան տեսնելը և՛ ուրախություն, և՛ մխիթարություն էր։ Այս պատճառով օգուտ քաղելով այն դեպքից, որ ամառվա ամիսները Դիլիջանում եմ գտնվում, որ միայն 32 վերստով է հեռու Սևանից, որոշեցի Վարդավառի տոնին ուխտ գնալ Սևան։ Բացի Սևանի կղզին, վանքերն ու ճգնարանները տեսնելը, ինձ համար ցանկալի էր և՛ բուն հայաստանցի ուխտավորները տեսնել, որոնք գլխավորապես Վարդավառի, Աստվածածնի և Սուրբ Խաչի տոներին են հավաքվում այնտեղ, բերելով իրենց հետ ինչ որ ունին հնավանդ և հայկական։