Վանիչկան հանգիստ նստած էր հայելու առջև և զբաղված էր երեսը սափրելով։ Նա այնքան էլ չվախեցավ, երբ հայրը կրակ կտրած ցցվեց իր առջև. կարծես թե սպասում էր նրան։
— Շա՛ն որդի,— բղավեց աղա Մարտինը,— էս րոպեին պարիկս տուր, թե չէ, էդ ածելին կառնեմ վիզդ կկտրեմ։
— Ի՞նչ պարիկ, պապա։
— Իմ պարիկը։
— Քո պարիկը ինչի՞ս է պետք, պապա։
— Բաս դու չես գողացե՞լ։
— Ինչո՞ւ պիտի գողանայի, պապա։
Աղա Մարտինը մի րոպե լուռ ու փորձող հայացքով նայեց որդու խաժ աչքերին, որոնց մեջ վախի կամ շփոթմունքի նշույլ անգամ չկար։
— Մտի՛կ արա, Վանո,— սպառնաց նա չարագուշակ հանգիստ ձայնով,— թե որ գողացել ու թաքցրել ես, էլ ինձնից չես պրծնի, աստված է վկա։
Որդին չպատասխանեց։ Կանգնած էր անկոտրում երեխայի պես լուռ։
— Վանիչկա, տե՛ս, դու սուս ես անում,— այս անգամ մեջ մտավ մայրը,— էդ գող աչքերիցդ տեսնում եմ, որ դու ես վերցրել։ Էս րոպեին հանիր տուր։
— Բաս որ փող եմ ուզում, ինչո՞ւ չի տալիս,— պատասխանեց Վանիչկան հանդուգն կերպով։
— Էս րոպեին ինձ տասը թուման է հարկավոր։
— Վա՛յ քո ծնունդը չորանա, շանից ելած,— բղավեց աղա Մարտինը և ատամները կատաղությունից կրճտացնելով վրա ընկավ, որ որդուն խեղդի, բայց կինը պինդ բռնեց նրա թևերից։
— Վո՛ւյ, քոռանամ ես,— ասաց նա երեսը ճանկռելով,— վո՛ւյ, քոռանաս դու, Վանիչկա, էս ի՜նչ խայտառակություն ես բերում մեր գլխին։ Բաս դու չգիտե՞ս, որ փեսեն էստեղ նստած՝ մեզ է սպասո՞ւմ։ Էս մարդը ո՞նց դուրս գնա նրա մոտ առանց պարիկի։ Հանիր էս րոպեին, տուր, ասում եմ։
— Տասը թումանը տա՝ տամ,— անվրդով պատասխանեց Վանիչկան, պինդ կանգնած իր խոսքի վրա։
Աղա Մարտինը կանգնած էր կատաղությունից ինքն իրեն