Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես եկել եմ միայն տեսնելու քեզ... քեզ և զավակիս և կարոտս առնելու:

Նրա ձայնը երերաց, և աչքերը լցվեցին արտասուքով։

Նորատի կինը գլուխը բարձրացրեց, նայեց նրա գորովալից, արտասվալից աչքերին, և փղձուկը հանկարծ բռնեց նրա կոկորդը։ Նա աչքերը ծածկեց ափերի մեջ և հեծկլտաց մի անծայր խղճահարությունից, որ ֆիզիկական ցավ պատճառելու չափ ուժգին՝ հանկարծ համակեց նրան դեպի այդ թշվառ մարդը։

— Մի՞թե այս երազ չէ,— արտասանեց նա հեկեկանքի միջից:

— Երա՞զ,— վրա բերեց այցելուն։— Ո՞ր երազը կարող է այնքան հնարամիտ լինել, որքան իրականությունը, մանավանդ այս իրականությունը։ Ո՞վ կարող էր երևակայել, թե ես քեզ պիտի հանդիպեի ա՛յսպես և ա՛յստեղ, այս օտար տան մեջ, ուր մտա ես սիրտս սեղմելով...

— Ես մեղավոր չեմ, Արամ։ Հարցրու մորդ, հարցրու քրոջդ, նրանք էլ կվկայեն, որ ես միշտ հուսացել եմ, համբերել և սպասել...

— Հանգստացիր, սիրելիս, հանգստացիր, ես արդեն հարցրել եմ և ամեն բան գիտեմ, հանգստացիր։

— Քո անունը մեզ ցույց տվին անհետ կորածների պաշտոնական ցուցակում,— շարունակեց Ֆլորան, աչքերը սրբելով,— և բացատրեցին, թե դու կամ սպանված ես և դիակդ մնացել է կռվի դաշտում, կամ թե, լավագույն դեպքում, գերի ես ընկել։ Եվ որովհետև դրանից հետո համարյա ամբողջ չորս տարի ոչ մի տեղեկություն չունեինք քեզնից, մեզ ուրիշ բան չէր մնում եզրակացնելու, եթե ոչ ա՛յն, որ պատահել է ամենավատ դեպքը, այսինքն, որ դու սպանվել ես, այլապես, եթե գերի լինեիր ընկած, մի՞թե ամբողջ չորս տարվա ընթացքում գեթ մի անգամ տեղեկություն չէինք ստանա քեզնից նամակի կամ այլ միջոցով։

— Ինչ խոսք կարող է լինել նամակների փոխանակության մասին պատերազմի ժամանակ թշնամի երկրների միջև։ Մանավանդ որ մեզ փակել էին կոնցենտրացիոն լագերում, որտեղից ոչ մենք կարող էինք մի լուր դուրս տալ և ոչ էլ մի լուր ստանալ դրսից։