Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ վերջին ողջույնս ուղարկում եմ ձեզ այս նամակով։ Ես այսօրվանից հեռանում եմ այստեղից ընդմիշտ և որքան շուտ, այնքան լավ։ Ես զգում եմ, որ անկարելի է ինձ այլևս այստեղ մնալ և շարունակել մեր բարեկամությունը։ Ես չեմ կամենում և չպիտի դառնամ ձեր և ձեր ամուսնու թշվառության պատճառը։ Ես երբե՜ք չեմ դավաճանիլ և չպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, խնդրում եմ միշտ հավատարիմ եղեք և՛ դուք նրան, իբրև ձեր ամուսնուն, որի հետ այսքան ժամանակ ամենասերտ կապով կապված եք եղել— նա արժանի է դրան։ Որպես ես եղա ձեր ընտանեկան խաղաղության վրդովելու պատճառը, նույնպես և ես ի՛ սրտե ցանկանում եմ այդ խաղաղությունը դարձնել ձեղ նորից, և միակ միջոցը ես գտնում եմ մեր ընդմիշտ անջատման մեջ։ Մի աշխատեք ոչ մի կերպ իմանալու ես ձեզ սիրում էի թե ոչ, այդ մի գաղտնիք է, որն ավելորդ է գիտենալ... Ուրեմն, մնացեք բարյավ, տիկին։ Աշխատեցեք ինձ մոռանալ, և դուք նորից երջանիկ կլինեք... իմ կողմից ներողություն խնդրեցեք ձեր ամուսնուց, որ նրան ևս չկարողացա տեսնել, բարևս մատուցեք նրան և համբուրեցեք Տիգրանիկին։ Կրկին անգամ, հավատարիմ եղեք ձեր ամուսնուն։ Հիշեցեք իմ խոսքերը, ամեն մի քայլափոխում խոհեմ եղեք, և հաղթանակը ձեր կողմն է։

Ձեզ միշտ բարի ցանկացող՝
Սուրեն Արևելյան»:

Նրա ձեռքերը թուլացան և ընկան ծնկների վերա։ Նա յուր կոկորդում զգաց մի ինչ-որ ճնշող բան և, գլուխը ծածկելով բարձի մեջ, սկսեց երեխայի նման հեկեկալ։ Նույն րոպեին արթնացավ Տիգրանիկը և նստեց մահճակալի վերա։ Տեսնելով մորը հեկեկալիս, նա վախեցած ցած թռավ իսկույն մահճակալից, վազեց դեպի նա և, փաթաթվելով նրա ծնկներովը, կանչեց.

— Մայրի՜կ, դու այսօր է՞լ ես լալիս։

Մայրը գրկեց նրան և սեղմելով յուր կրծքին, ասաց հեկեկալով.

— Տիգրանի՜կս, իմ անգի՜ն զավակս, այսուհետև դու, միայն դու պիտի բուժես իմ խորտակված սիրտս...