Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ օրիորդը նրան ավելի ևս խրախուսելու համար գրկեց նրան ջերմագին։

Այդ իսկ րոպեին սենյակի դուռը բացվեցավ և շեմքի վերա երևաց աղա Յագոր Բուղդանիչի կլոր, հաստ մարմինը։ Նա տեսավ, որ յուր աղջիկը գրկած է Սեյրանյանին, և մի րոպե դեռ տեղն ու տեղը մնաց քարացած։ Օր. Նունեն հորը տեսնելուն պես՝ մի ճիչ արձակեց, և բաց թողնելով Սեյրանյանին, իսկույն վեր թռավ տեղից։ Սեյրանյանը մնաց ապշած։ Աղա Յագոր Բուղդանիչն առհասարակ շատ քիչ էր մտնում նրա սենյակը և այս անգամ, երևի, չար բախտն էր բերում նրան, որպեսզի մի հարվածին ավելացնի և մյուսը։

Մենք, իհարկե, չենք կարող նկարագրել, թե այդ ժամանակ այդտեղ ինչ տեսարան ներկայացավ, թե ո՛րքան հիշոցներ, անվայել ածականներ, մինչև անգամ և կյանքի վերա սպառնալիքներ թափվեցան Նունեի և Սեյրանյանի գլխին, միայն այսքանս կասենք, որ մյուս օրն առավոտյան Սեյրանյանի սենյակն արդեն դատարկված էր, և բոլոր կայքը նրա հորեղբոր այրի կնոջ տունն էր տարված, իսկ ինքը, Սեյրանյանն, արդեն իրենց գյուղի ճանապարհի վերա էր։

Դ

Այդ օրից անցել էր մի տարի։ Մենք Նունեին և Սեյրանյանին դարձյալ տեսնում ենք մեր երկրորդ գլխում նկարագրած խուցի մեջ կես գիշերին անձրևային եղանակին։

Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը նրանց վերա մեծ ազդեցություն էր արել, մանավանդ Սեյրանյանի՝ որ ամեն հույս կտրել էր, թե երբևիցե դարձյալ կարող էր տեսնել յուր սիրելիին, խոսել նրա հետ։ Սակայն ի՞նչ զորություն կարող է բոլորովին ազատել երկու ամենաջերմ կերպով սիրող սրտեր.— այժմ Սեյրանյանը դարձյալ նունեի գրկումն էր։

Օրիորդը խոսել չէր կարողանում. նրա հորդառատ արտասուքը արգելում էր նրան մի բառ անգամ արտասանելու. նա ույժ տալով յուր թույլ ձեռքերին, աշխատում էր որքան կարելի է սիրած երիտասարդին պինդ սեղմել յուր կրծքին։ Նա կարծես վախենում էր, որ նրան դարձյալ կխլեն յուր գրկից,