Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատարկ կառք։ Նա ձեռքով արավ։ Կառքը կանգնեց։ Նա նստեց և հրամայեց քշել։

Այդ միջոցին փողոցով անցնում էր նրա հասակին և նրա պես կոկ հագնված մի երիտասարդ։ Նա կանգնեց, որ կառքն անցնի, բայց տեսնելով Բարսեղին, կանչեց․

— Վա՛հ, Վասո՞...

— Բարի լույս, Բախշո,— կանչեց կառքի միջից Բարսեղը։

— Կանգնեցնել տուր, տո՛, բան եմ ասում։

Բարսեղը կառքը կանգնեցնել տվեց և դարձավ դեպի Բախշոն, որը շտապով մոտեցավ նրան։

— Հը՛, ի՞նչ ես ասում,— հարցրեց նա։

— Ո՞ւր ես գնում։

— Ի՞նչ ես հարցնում։

— Չէ, այնպես եմ ասում։

— Մի տեղ։

— Ո՞ւր։

— Քեզ ի՞նչ։

— Թե ման գալու ես գնում, ինձ էլ տար։

— Չէ, ման գալու չեմ գնում։

— Բա՞ս։

— Վա՜հ, քեզ ի՞նչ։

— Բաս այս գիշերը չե՞ս գալ։

— Ո՞ւր։

— Այնտեղ։ ֊ Ո՞ւր, է՛։

— Մաշոյի ու Նադիայի մոտ։

— Տեսնեմ... չէ՛, չեմ կարող գալ։

— Ինչի՞։

— Գործ ունիմ։

— Ի՞նչ գործ ունիս։

— Վա՜հ, քա՞նի հարցնես, տո՞, քեզ ի՞նչ, թե ինչ գործ ունեմ։

— Բագրատն էլ է գալու, գիտե՞ս։

— Ի՞նչ անեմ։

— Բաս չե՞ս ասում, էլի՜, ուր ես գնում։