Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լայն դեմքը կրում էր մեծ քանակությամբ կարմիր և սպիտակ դեղեր, բայց որոնց հետ Բարսեղը բնական միախառնված սպիտակությունն ու կարմրությունը հավասարապես մրցում էին։ Նրա թե՛ շարժվածքների, թե՛ խոսակցության, ձայնի եղանակի, թե՛ սպիտակ, կարճ և ձեռքերն ու կուրծքը բաց հագուստի և թե՛ վերջապես շեկ մազերի սանրվածքի մեջ իսկույն նկատվում էր, որ նա ամեն ջանք գործ է դնում արվեստականապես գրավելու,— մի բան, որ հատուկ է միայն ուրիշի գեղեցկությանը սաստիկ նախանձախնդիր տգեղ աղջիկներին և կիներին, որովհետև կնոջը ոչինչ այնքան բարոյական տանջանք չէ պատճառում, որքան յուր տգեղությունը և ուրիշի գեղեցկությունը, և, ընդհակառակը, կինը ոչ մի դեպքում այնքան երջանիկ չէ համարում իրեն, որքան երբ ինքը գեղեցիկ է, իսկ յուր հակառակորդուհին զուրկ այդ երկնային տուրքից։

— Բայց ո՞ւր է մայրդ, Օլյա,— հարցրեց նրան Բարսեղը։

— Մայրի՞կս.․. մայրիկս իսկույն կգա... ահա՛ նա։

Մյուս սենյակից մի ինչ֊որ ծանր, հպարտ քայլերով ներս մտավ բարձրահասակ և հասակին համապատասխան հաստ կազմվածքով մի կին։ Չնայելով, որ նրա տարիքը հիսունից այնքան էլ հեռու չէին, բայց յուր սպիտակ, թեթև խորշոմներով ծածկված դեմքի վերա և առողջ կազմվածքի մեջ նա տակավին կրում էր յուր երիտասարդական աշխուժությունն ու թարմությունը։ Նրա թուխ մեծ֊մեծ աչքերի և համարձակ հայացքի մեջ նկատվում էր, որ նա մի ժամանակ կանացի շատ «չարություններ» էր արել և երևում էր, որ այժմ էլ հեռու չէր այդպիսի «չարություններից», որին ապացույց էր նրա թեպետև սև, բայց նորաձևության համեմատ ձևած և կազմվածքի վերա կանգնած շորը։

— Ա՜, բարև ձեզ, Վասիլի Պետրովիչ,— ասաց նա հայերեն ղարաբաղցու և թիֆլիսցու մի տեսակ խառնած բարբառով և քաղցրալիր ժպիտով մեկնեց դեպի նա յուր ձեռքը։

Բարսեղը, որ նրա մտնելուն պես վեր էր կացել և դիմավորել էր նրան, համբուրեց նրա ձեռքը, պատասխանելով նրա բարևին, և ավելացրեց.

— Երեկ երեկոյան դուք ինձ ասացիք, որ այսօր ինձ հետ