Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շտապով լվացվեցի և պատրաստվեցի, որ գնամ իմանալու Սառայի դրությունը, որ այդ բոլոր խոսակցության ժամանակ մի րոպե անգամ չէր հեռանում մտքիցս: Եվ երբ բոլորովին պատրաստ էի, Թուսյանը, որ մինչև այդ շարունակ ինքնամփոփ՝ լուռ դիտում էր ինձ, հարցրեց.

— Ո՞ւր ես գնում։

— Գնում եմ իմանալու՝ ինչ դրության մեջ է զոհդ։

— Բավակա՛ն է, Մարգարյան,— աղաչեց նա զայրույթի հանկարծական բռնկումով և սև, խոշոր աչքերը սպառնագին փայլեցրեց ինձ վրա։ Բայց այդ բռնկումը մի վայրկյան միայն տևեց։ Նա զսպեց իրեն, գլխարկն առավ և շատ հանգիստ կերպով ասաց.— Ես էլ եմ գալիս։

Ակամա նայեցի նրան զարմացած։

— Խելագարվե՞լ ես, ինչ է։

Իսկույն չպատասխանեց։ Կանգնած էր առջևս, գլխարկը ձեռքին և հանգիստ հայացքը, մռայլ վճռականությամբ լի, առել էր հատակին։

— Զո՞հ՝ ասում ես։ Ընդունում եմ,— ասաց մի առանձին հաստատուն շեշտով։— Բայց զոհը հատուցում է պահանջում, և այդ հատուցումը ես պատրաստ եմ տալու։ Եվ պիտի տամ։

— Ես քեզ չեմ հասկանում,— ասացի պարզապես ապշած նրա այդ հանկարծակի վճռականության վրա։— Ի՞նչ հատուցում, ո՞ւմ, ի՞նչ ձևով, ինչի՞ համար։

— Ինչպիսի հատուցում ուզում ես, ում ուզում ես, ինչ ձևով ուզում ես, ինչի համար ուզում ես,— ինձ համար ողջը մեկ է։ Ես սակարկել չգիտեմ։ Մի բան որ վճռեցի և ասացի — կանեմ։ Եվ խնդրում եմ իմ այս խոսքերի վրա մի՛ նայիր իբրև դատարկ բրավադայի վրա։ Ճիշտ է, ես թեթևսոլիկ եմ, և շատ տրագիկական դեպքեր իմ կյանքում եկել անցել են թևի մի թեթև հպումով, առանց որևէ խոր հետք թողնելու իմ մեջ, բայց այն, ինչ որ այժմ եմ զգում, չեմ զգացել երբեք։

— Ասա, ասա, ես քեզ լսում եմ,— ասացի ես չափազանց հետաքրքրված նրա արտասովոր լուրջ տոնից և աչքերի արտահայտությունից տեսնելով, որ վերջապես պիտի