Պատշգամբից իշխանուհին տեսավ դրսում կանգնած կառքը, հանկարծ կանգ առավ և շուռ եկավ դեպի Հարունյանները։ Նա դեռ նայեց պարոն՝ հետո տիկին Հարունյանին և հանկարծ փաթաթվելով վերջինիս վզովը, կանչեց սրտակտուր ձայնով.
— Նո՛ւնե, թողնում եմ քեզ մոտ սիրտս, հոգիս, բոլոր երջանկությունս... պահի՛ր աչքիդ լույսի պես։
Նա յուր այտն ամուր սեղմեց ընկերուհու այտին և դառնապես հեկեկաց։
Տիկին Հարունյանն մայրական քնքշությամբ յուր կողմից գրկեց նրա մեջքն և կամաց համբուրեց նրա վիզը։
Կարճ ժամանակ այդպես գրկած ունենալուց հետո իշխանուհին թողեց նրան, շտապով սրբեց աչքերն և, մոտենալով Հարունյանին, երկար սեղմեց նրա ձեռքը։ Թեպետ այդ ժամանակ նա ոչինչ չկարողացավ արտասանել, բայց նրա հայացքն հազարապատիկ ավելի լավ ասաց այն, ինչ որ նա պետք է խոսքերով ասեր։
Այնուհետև շտապով իջնելով սանդուղքներով և, կարծես, չտեսնելով յուր ճանապարհի վրա շարված ծեր պարտիզպանին, նրա կնոջն և դաստակերտում իրեն ծառայող մյուս մարդիկներին, որոնք հավաքվել էին նրան վերջին անգամ բարի ճանապարհ մաղթելու, նա ուղղակի դուրս գնաց դեպի կառքը, որի մոտ սպասում էր նրան աղախինը։ Հարունյանները հետևեցին նրան։
Կառքի մոտ նա վերջին անգամ լուռ սեղմեց նրանց ձեռքն և ուզում էր բարձրանալ կառքն, երբ հանկարծ նրա ոտները դողացին և նա անշուշտ վայր կընկներ, եթե Հարունյանն իսկույն չբռներ նրան։ Նա շուռ եկավ, առաջվա նման օտարոտի կերպով ժպտաց Հարունյանի դեմքին, երևի դրանով հայտնելով նրան յուր շնորհակալությունն, և իսկույն ներս մտավ կառքը։ Աղախինը կառքի մյուս դռնից հետևեց նրան։ Իշխանուհին այլևս դուրս չնայեց։ Կառքի դռները շրխկալով փակվեցան, կառապանը մտրակեց ձիերին և կառքը, յուր ետևից թոզի մի ահագին ծուխ բարձրացնելով, առաջ սլացավ։