աշխարհը, ճզմել, հանել եք նրա միջից այն ամենը, ինչ որ հարազատ-բնական է, ինչ որ ազատ-մարդկային է, և ստրուկ եք դարձրել նրան ինչ-որ ընտանեկան-պայմանական ողորմելի առաքինության, ինչ-որ բուրժուական տափակ բարոյականության, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կեղծիք և կեղծիքներից ամենաանխիղճն ու ոճրալին, որովհետև նա տանջվում է չարաչար և վերջ ի վերջո պիտի զոհվի այդ կեղծիքին: Ասում եք սարսափում է։ Ինչո՞ւ պիտի սարսափի իր սրտի բնական ազատ ձգտումից, եթե այդ սարսափը չեք ներշնչել նրան մոր կաթի հետ և այնուհետև ամրապնդել դպրոցում և հասարակության մեջ։ Ինչո՞ւ թռչունը պիտի սարսափի ազատորեն թռչելուց, եթե նրա թևը չեք կոտրել: Ձեր ավանդական դաստիարակությամբ դուք ներշնչել եք նրան այնպիսի անխիղճ պարտավորություններ, որոնք պարզապես բարբարոսություններ են, քստմնելի բարբարոսություններ։ Դուք հանել եք նրա կրծքից իր սեփական սիրտը, և տեղը ձեր սեփականն եք դրել. դուք հանել եք նրա գլխից իր սեփական ուղեղը և տեղը ձեր սեփականն եք դրել. դուք հիմն ի վեր այլանդակել և խարդախել եք նրա հոգեկան ու մտավոր աշխարհը. ո՛չ մի բան չեք թողել նրա մեջ, որ իրենը լինի, իր սեփականը, իր ինքնուրույնը, իր անկապտելին։ Դուք նրան դարձրել եք մի մեքենա, որ յուրովին գործել անկարող է և պիտի գործի անպատճառ ձեր կամքով. նա պարտավոր է մտածել այնպես, ինչպես դուք եք մտածում, զգալ այնպես, ինչպես դուք եք զգում, անել այն, ինչ որ դուք եք թելադրում, համակրել ձեր համակրածը, հակակրել ձեր հակակրածը։ Եվ դրանք դեռ համարձակվում եք պնդել, թե նրա խիղճն ազատ է, թե նրա զգացումները խարդախված չե՜ն։ Դուք ամենամեծ ոճրադործներն եք. դուք մեռցրել եք ինքնուրույն մարդը, դուք սպանել եք անհատի բարոյական ազատությունը, որից ավելի բարձր ու նվիրական ազատություն չկա աշխարհիս երեսին...
Վահանը հաստ փորը դուրս ցցած՝ լսում էր Բադամյանին իր սովորական բարեսիրտ-հեգնական ժպիտով և հանգիստ դիտում նրա աչքերը, որոնք այդ միջոցին վառվում էին անկեղծ բարկության կրակով։ «Պետք է խոստովանած, աչքերը վատ չեն,— մտածում էր նա,— ինքն էլ տգեղ չէ առհասարակ... Չէ, լավ է, լավ է... Սրա վրա անպատճառ կարելի է