եք բռնել։ Թողեք, ի սեր աստծո, կկարծի թե իսկապես մի բան է, որ ձեռները բռնում են։
Բադամյանն ազատ թողեց Նասիբյանին։ «Փո՛ւ, ի՜նչ զզվելի է...»,— մտածեց նա։
Նասիբյանը կատվի պես հավաքեց իրեն, ըստ երևույթին պատրաստվելով հանկարծ ոստնել դեպի Հեղինեն։
Հեղինեն նորից վերցրեց թեյի դատարկ բաժակը։
— Համարձակվիր մոտենալ, համարձակվիր,— սպառնաց նա հաստատուն ձայնով։
Խուլ ու համր Սալոմեն, որ մինչև այժմ սարսափահար նայում էր մերթ Նասիբյանին, մերթ քրոջը, առաջ նետվեց Նասիբյանի ճանապարհը փակելու համար, բայց քույրն իսկույն բռնեց նրա թևից, նստեցրեց և, նորից դառնալով Նասիբյանին, կանչեց նույն հաստատուն ձայնով:
— Արի... քաջ ես, մոտեցիր։
Հեղինեի մարտակոչն այն աստիճան ազդու էր, որ Նասիբյանը տեղից շարժվել չկարողացավ։ Նա ուզում էր խոսել, աղաղակել առաջվա պես, նույնիսկ ջարդել, փշրել, բայց այն գիտակցությունը, որ ինքը ոչինչ չի կարող անել, կապում էր նրա ձեռքն ու ոտքը և խեղդում նրան։ Կարճ ժամանակ երկու ախոյան կանգնած էին իրար դեմ առ դեմ, երկուսն էլ լուռ, բայց մեկն անզոր կատաղությունից ինքն իրեն ուտելով, մյուսը հանգիստ և անսասան, բայց խիստ վճռական-սպառնական դիրք բռնած։
— Ես հիմա ոչի՛նչ չեմ անիլ... ոչինչ չեմ կարող անել, դժբախտաբար,— ասաց, վերջապես, Նասիբյանը ծանր շնչելով։
— Թե աստվածդ կսիրես,— ծաղրեց Հեղինեն։
— Բայց ուրիշ անգամ... կտեսնես...
— Եթե դու կհամարձակվես դարձյալ ոտ դնել այստեղ, ոտդ կփշրեմ։
— Շա՛տ բարի, շա՛տ բարի, շա՛տ բարի,— արտասանեց Նասիբյանն ատամների միջից, գլխարկը թռցրեց աթոռի վրայից և արագ քայլերով դիմեց դեպի Հեղինեն։— Բայց այժմ գիտե՞ս ինչ կասեմ քեզ։ Ես կասեմ, որ դու... ծախո՛ւ արարած ես։