Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քա, ինչի՞, ի՞նչ է պատահել,— սկսեց հարցուփորձ անել Օսանը կանանց հատուկ ցավակցական հետաքրքրությամբ։

— Չեմ իմանում, Օսան ջան։ Ես էլ պատահմունքով իմացա։ Նա ինձ ե՞րբ էր բանի տեղ դնում, որ ժամանակին իմաց տար։ Որ իմաց տար, երևի մի բան կանեի, որ անտեր չմնար։ Թե չէ, հիմի ո՞վ է նրան մտիկ անողը։ Մի ծառա ունի, մեկ էլ հրեն էն թուրքն է գնացել կողքին նստել։

— Ի՞նչ թուրք։

— Սոլիկենց Ստեփանի աղջիկը, աննամուսների աննամուսը։ Թուրք, թուրքից էլ վատթար... Ասում եմ մեռնում է, տերտեր կանչենք, գա հաղորդի։ Տերտերս ո՞րն է, հաղորդս ո՞րն է, ասում է։ Բաս ասում եմ, հոգին։ Ուզում ես, որ մեղավոր հոգով գնա աստծու ահեղ դատաստանի առաջը կանգնի՞։ Ի՞նչ դատաստան, ի՞նչ հոգի, ասում է։ Հոգին մարմինն է, մարմինը մեռավ, ասում է, հոգին էլ մեռավ։ Պրծա՜վ գնաց:

Բադամյանի ծանր հիվանդության լուրը մի առանձին տպավորություն չգործեց Սանթրոսյանի վրա։ Թեև Բադամյանը, իբրև, հեռու-մոտիկ ազգական, նրա տուն գնում-գալիս էր հաճախ, բայց Սանթրոսյանը, թե ամուսնությունից առաջ և թե հետո մեծ մասամբ բացակա լինելով Թիֆլիսից, միջոց չէր ունեցել այնպիսի մոտիկ հարաբերություն հաստատելու նրա հետ, ինչպես մայրն ու կինը։

Վահանը թեև աշխատում էր արտաքուստ անտարբեր ձևանալ և նույնիսկ այն ժամանակ, երբ Զաքարը խոսում էր Հեղինեի մասին, աչքով էր անում Սանթրոսյանին և աշխատում էր ժպտալ, բայց և այնպես մի տարօրինակ անհանգիստ դրության մեջ էր. մերթ նստում էր, մերթ վեր էր կենում, ման էր գալիս սենյակում, և նրա ամբողջ ուշադրությունը ճաշասենյակի կողմն էր։ Հետո նա դուրս գնաց այնտեղ և, սեղանի վրայից խոնարհվելով դեպի քույրը, շշնջաց.

— Աստվածդ սիրես, Մանե, ուշքդ հավաքիր։ Այդպես չի կարելի։ Երեսիդ գույն չկա։ Ծերունին երևի չափազանցնում է։ Այնպես արա, որ բան չնկատվի։