Ծերունին ամբողջապես դողում էր հուզումից, և դուրս գնալիս տարօրինակ կերպով առաջ էր ընկել նրա սպիտակ գլուխը։
Ճաշասենյակում նրան բռնեց Օսանը։
— Ո՞ւր ես գնում։
— Գնում եմ տերտեր տանեմ, այն թուրքին էլ դուրս անեմ։
— Սպասիր, ես էլ եմ գալիս։
Օսանը շտապով դուրս գնաց հագնվելու, իսկ ծերունին նստեց սեղանի մոտ, Մանեի դիմաց, և սպասում էր նրան։
— Նա ջահել էր, մեղքեր շատ էր գործել, շա՜տ։ Ո՞վ ջահել ժամանակը մեղքեր չի գործում։ Բայց որ հայ-քրիստոնյան մեռնելիս չհաղորդվի, էլ ի՞նչ երեսով պետք է գնա կանգնի աստծու դատաստանի առաջ։ Մեր աշխարհային դատաստանը չէ, է՜, որ խաբես, աստծու դատաստանն է, վերջին դատաստանը, ահե՜ղ դատաստանը...
Մանեն նայում էր ծերունուն, լսում էր նրան և անհուն ցանկություն էր զգում գլուխը դնելու սեղանի վրա և լալու, լալու, հավիտյան լալու։
Օսանը վերադարձավ քիշմիրի սև շալը ծածկելով ուսերին։ Շտապելուց նրա ձեռքերը դողում էին, իսկ գլուխը սովորականից ավելի խիստ կերպով էր շարժվում:
— Մանե ջան,— ասաց նա,— բան է, որ տեսնեմ շատ վատ է կմնամ, չեմ գալ այս գիշեր։
Մանեն քիչ էր մնում վեր թռչեր տեղից և աղաղակեր՝ «Ես էլ եմ գալիս...», բայց նա տեղնուտեղը քարացավ, որովհետև այդ միջոցին հյուրասենյակից դուրս եկավ ամուսինը Վահանի հետ։
— Մայրիկ, դու էլ ես գնո՞ւմ,— հարցրեց Սանթրոսյանը։
-Բաս ի՞նչ անեմ, որդի։ Ես էլ որ չգնամ, ո՞վ պետք