Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուցե Վիկտորիա Պավլովնային ներս հրավիրեմ թեյի։ Իմացա՞ր։ Դե շուտ, ջանիկս։ Իսկ ես գնամ հագնվեմ։

Ու արագ քայլերով դուրս գնաց։

2

— Սկանդալ, կատարյալ սկանդալ,— ասաց ինքն իրեն Խանբեգյանը դեմքի այնպիսի մի արտահայտությամբ, որ կարծես լուծողական էր ընդունել, և, խալաթը դեն շպրտելով, սկսեց արագ-արագ հագնվել։ Ոչինչ նրան այնքան խայտառակ, այնքան ամոթալի չէր թվում, որքան իր այն վայրենի ձայնը, որով, կատաղության գագաթնակետին հասած, կանչում էր աղախնուն։ Այդ վայրենի ոռնոցն, անշուշտ, լսած պիտի լիներ Վիկտորիա Պավլովնան առանձնասենյակում, որը սեղանատնից մի սենյակով էր միայն բաժանված, և ի՞նչ պիտի մտածեր իր մասին, որ հայտնի էր որպես ծանրաբարո, հավասարակշռված և ըստ ամենայնի կրթված մարդ։

— Այդպես միայն վերջին կինտոն կարող է բղավել, իսկ ես... Փո՜ւ,— թքեց նա և մտքումը դրեց հենց այդ օրը մի լավ խրատել իր աղջկան և տղային, որոնց «խոզությունն» էր իսկապես, որ առիթ էր տվել իր անսովոր կատաղության։

— Եվ ո՞ր սատանան այդ կնոջը բերեց հենց այն ժամանակ, երբ ես... Սկանդալ, կատարյալ սկանդալ,— կրկնեց նա հայելու առջև շտկելով մազերն ու փողկապը։

Վիկտորիա Պավլովնան այն բանկի գլխավոր հաշվապահի կինն էր, որի դիրեկտորներից մեկն էր Խանբեգյանը։ Մի տարուց ավելի էր, որ մեռել էր գլխավոր հաշվապահը, բայց դեռևս այն ժամանակ, երբ նա ողջ ու առողջ էր, Խանբեգյանը, չնայելով իր տարիքին, չէր կարողանում անտարբեր աչքով նայել նրա կնոջ վրա, որը հազիվ երեսուն տարեկան և շատ գեղեցիկ էր։ Եվ երբ մի օր անսպասելի կերպով նրան լուր բերին, թե գլխավոր հաշվապահը հանկարծամահ է եղել