Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվան խոսքը չվերջացրեց և, թաշկինակն ավելի պինդ սեղմելով աչքերին, աշխատեց զսպել սաստկացող հեկեկանքը։

Աշխենը դառնությամբ ժպտալով, գլուխը շարժեց։

— Տեսնո՞ւմ ես, Եվա,— ասաց նա իրեն հատուկ հանդարտ ձայնով.— դու ինձ այնպիսի բաներ ես ասում և այնպիսի բաներ ես ուզում ասել, որ... չեմ կարող չվիրավորվել։ Հարկ չկա, իհարկե, որ ինքս ինձ պաշտպանեմ, այդ կնշանակեր քեզ իրավունք տալ այդպես բաներ ասելու ինձ։ Ես միայն զարմանում եմ, թե ինչպես դու թույլ ես տալիս քեզ այդպիսի մեղադրանքներ բարձելու ինձ վրա։

— Հապա ինչո՞ւ ես փախչում։

— Դե, բավական է կրկնես այդ հիմար խոսքը,— բացականչեց Աշխենը հանկարծական բռնկումով։— Եվ թո՛ղ այդ երեխայական լացն, ի սեր աստծո։ Երեկ գիշեր ինչպե՛ս էինք խոսում, այժմ — ինչպե՛ս։ Ուրախ-ուրախ եկա քեզ մոտ կատարելապես հավատացած, թե պիտի քաջալերես ինձ, իսկ դու... դու միայն աշխատում ես ինձ վիրավորել։

Եվ Աշխենը սառնությամբ վեր կացավ նրա մոտից։

Նույն վայրկյանին վեր թռավ տեղից նաև Եվան։

— Ես քեզ չե՛մ վիրավորում, հասկանո՞ւմ ես, թե ոչ,— զայրացած կանչեց նա։— Այդ դո՛ւ ես, որ այդպիսի բացատրություն ես տալիս խոսքերիս։ Դու, իհարկե, ազատ ես. ինչ ուզում ես, կարող ես անել. ուր ուզում ես, կարող ես գնալ։ Իսկ ես, իսկ ես... Այսքան տարի միասին ապրելուց հետո հանկարծ թողնում հեռանում ես. Եվ հե՞շտ ես կարծում, ինչ է, ինձ համար քեզնից բաժանվելը։ Եղբայրս գնացել է, դու էլ ես գնում, իսկ ես... իսկ ե՞ս ինչ անեմ մենակ։ Բուի պես նստեմ գլուխս վա՞յ տամ։ Կամ ինձ էլ տար հետդ, կամ այստեղ ճարիր՝ ինչ գործ, որ ուզում ես, միայն թե ես քեզ մոտ լինեմ, դու ինձ մոտ լինես, որովհետև առանց քեզ ես չեմ կարող դիմանալ։ Ես ա՛յդ եմ ուզում ասել, և ոչ թե նպատակս է, որ քեզ վիրավորեմ։ Եվ մի՞թե իրավունք չունիմ զարմանալու, որ դու, ինչպես տեսնում եմ, միայն քո մասին ես մտածել, իսկ իմ մասին,— ամենևին։ Մինչդեռ երեկ գիշեր ի՞նչ էինք խոսում... Հա՛, ժպտա, ժպտա, չէ՞ որ ես երեխա եմ։

Աշխենը ժպտալով մոտեցավ նրան։