Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարությանն այլևս ոչինչ չհարցրեց և ուղղվեց դեպի դուռը։

Աշխենը նայեց նրա ետևից, մեքենայաբար մի քանի քայլ առաջ դրեց և կանգ առավ։

— Հորեղբայր,— շշնջաց նա անհամարձակությամբ։

Մարությանն արագ դարձավ դեպի նա։

— Ի՞նչ է. բա՞ն ունիս ասելու։

Աշխենն աչքերը վայր թողեց։ Նրա ականջների ծայրերը կարմիր վարդ էին կտրվել։

— Ինձ թվում է, թե... չհաջողվեց ինձ արդարանալ ձեր առաջ։

— Ա՛յ քեզ բան,— բացականչեց Մարությանը զարմացած։— Եթե գիտենայի, որ դու այդ աստիճան կասկածամիտ ես, գի՜ժ էի, ինչ է, որ արտասանեի այն խոսքերը։ Ի՜նչ մի մեծ հանցանք ես գործել, որ դեռ արդարանալու էլ կարիք ես զգում։ Կնշանակի ինձ դեռ լավ չես ճանաչում, աղջիկս,— ավելացրեց Մարությանը, մոտենալով նրան։— Դու գիտես, որ ես քեզ իմ Եվայից ոչնչով չեմ զանազանել և, բացի դրանից, հարգել եմ քեզ, հարգել եմ քո կամքը, քո ազատությունը, որովհետև գիտեմ, որ դու երեխա չես, որ դու խելոք աղջիկ ես և գիտես, թե ինչ ես անում։ Այժմ էլ ամենայն հարգանքով եմ վերաբերվում քո կամքին, քո ազատությանը։ Եթե հենց սկզբից ներշնչած չլինեիր ինձ այս հարգանքը, որ տածում եմ դեպի քեզ, և այն համոզումը, որ դու առանց լուրջ կերպով կշոադատելու ոչինչ չես անիլ,— ճիշտը քեզ ասեմ, երբեք թույլ չէի տալ, որ հեռանաս իմ տնից, որովհետև թույլ տուր նկատեմ, որ ծնողների վերահսկողությունն ինչքան էլ որ ծանր թվա որդիներին, այնուամենայնիվ հարկավոր է, շատ անգամ ուղղակի անհրաժեշտ է նույնիսկ իրենց, որդիների համար։ Բայց քանի որ այդ հարգանքն ու համոզումը դու մի անգամ ընդմիշտ ներշնչել ես ինձ, ես ավելորդ եմ համարում խառնվել քո գործերին. դու կատարելապես ազատ ես ցանկացածդ անելու։ Եթե սկզբում մի քանի ավելորդ խոսքեր ասացի, այդ պետք է վերագրես իմ բարությանը և այն բանին, որ վճիռդ ինձ մի տեսակ հանկարծակիի էր բերել։ Այս դեպքում, որ դու վարժուհու պաշտոնով գյուղ ես գնում, ես կարող եմ միայն իմ