Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահյանը վիզն ավելի ներս կոխեց վերարկուի օձիքի մեջ։

— Ոչ,— պատասխանեց նա։

— Ձանձրանո՞ւմ եք։

— Այո։

— Իսկապես շատ ձանձրալի է երկաթուղով ճանապարհորդելը. մարդ մի տեսակ հիմար դրության մեջ է ընկնում. ոչ կարողանում է քնել, ոչ արթուն մնալ և ոչ գոնե մի բանի մասին մտածել: Այդպես չէ՞:

— Այդպես է։

— Զարմանալի արարած է մարդս առհասարակ,— շարունակեց Շահյանի անծանոթ ուղեկիցը։— Երկաթուղին ամենահարմար և ամենաարագ միջոցն է, չէ՞, փոխադրության համար. բայց արի տես, որ մարդս էլի դժգոհ է. ուզում է այնպիսի մի նոր միջոց, որով կարելի լինի ավելի կարճ միջոցում ավելի երկար ճանապարհ կտրել։ Ես հավատում եմ մտքի հաղթանակին և ամենևին չեմ տարակուսում, որ այդպիսի մի միջոց կգտնվի անպատճառ, հենց թեկուզ այնպեսի մի բան, որով մարդ կարողանա թռչել օդի մեջ, ոչ թե օդապարիկով, ոչ,— օդապարիկն էլ շատ վտանգավոր բան է,— այլ ուղղակի թռչունի պես։ Սակայն այդպիսի փորձեր, կարծեմ, եղել են, չէ՞։

— Կարծեմ։

Նոր ուղևորն, ըստ երևույթին, ուզում էր շարունակել խոսակցությունը, բայց տեսնելով, որ երիտասարդ ուղեկիցը տրամադրություն չունի խոսելու, լռեց։ Սակայն երկար չհամբերեց և հարցրեց.

— Դուք անշուշտ Քութայիսից եք գալիս, այնպես չէ՞։

«Ինչո՞ւ անշուշտ»,— մտածեց Շահյանը և պատասխանեց.

— Ոչ։

— Կամ Աբասթումանից... կամ Բորժոմից: Հա՞։

— Ոչ, այդ կողմերից չեմ գալիս։

— Ուրեմն անշուշտ Բաթումից։

«Էլի անշուշտ»,— մտածեց Շահյանը և պատասխանեց.

— Այո։

— Եվ Թիֆլիս եք գնում։

— Այո։