Այդ միջամտությունը դուր չեկավ Բազենյանին. Մարությանը դրանով կարծես թե ստիպում էր նրան խոստովանել իր հակառակորդի գերակշիռ ուժը վիճաբանության մեջ և փախուստ տալ օր. Սահակյանի առաջ։ Դա վիրավորական էր նրա ինքնասիրության համար, մանավանդ այդ ընտանիքի մեջ, ուր կարճ միջոցում ահագին հեղինակություն էր ձեռք բերել։ Վախկոտությամբ փախուստ տալ ո՛ւմ առաջ ուզում է լիներ, մանավանդ այդ գեր, այդ անճոռնի աղջկանից, որին պարզապես արհամարհում էր,— այդ բանը չէր հարմարում նրա բնավորությանը։ Բացի դրանից, փախուստ տալ, նշանակում էր ընկնել այն բարձրությունից, ուր ելել էր նա այդ սիրելի ընտանիքի աչքում։ Եվ Բազենյանը հավաքեց իր բնածին բոլոր հանդուգն համարձակությունը, պատրաստվեց դիմադրելու, բայց օր. Սահակյանը ժամանակ չտվեց նրան։
— Ձեր ասած հայ աղջիկներին ես էլ լավ եմ ճանաչում, պարոն Բազենյան, և, իհարկե, շատ ավելի լավ, քան թե դուք. բայց իմ ասած հայ երիտասարդներին էլ ճանաչում եմ՝ ինչպես հարկն է։ Ուրեմն, ավելի լավ է, լռենք այս մասին և կարդանք այս նամակը, որի գրողը...
— Ոչ, ինչո՞ւ լռենք, օրիորդ,— ընդհատեց նրան Բազենյանը։— Լռությունը միշտ կասկած է հարուցանում... Մենք կարող ենք խոսել բացարձակ, եթե ոչ հիմա, դոնե ուրիշ ժամանակ. հույս ունիմ, առիթ կունենանք։
— Անշո՛ւշտ. ես միշտ պատրաստ եմ։ Բայց առաջուց պիտի ասեմ ձեզ, որ իմ համոզմունքը ոչ մի պայմանով չեք կարող փոխել։
— Ուրեմն ավելորդ կլինի մեր վիճաբանությունը:
— Ո՛չ, ինչո՞ւ. գուցե ես եմ փոխում ձեր համոզմունքը,— բացականչեց օր. Սահակյանը և բարձրաձայն ծիծաղեց:
Բազենյանը շատ սառն, պարզապես ատելությամբ լի հայացքով նայեց նրա կախ ընկած չաղ կզակին, որ դողդողում էր ծիծաղից, և նկատեց առանց մի մազի չափ անգամ շփոթվելու.
— Ինչո՞ւ եք կարծում, թե իմ համոզմունքը նույնքան, եթե ոչ ավելի հաստատ չէ, որքան ձերը։