Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, պարաններ, ինչ որ կարող էի կարդալ այս նամակից։ Մի քանի կտորներ էլ կարելի էր կարդալ, բայց վախենում եմ, որ պարոն Բազենյանը կարծի, թե նա ինքնագովությամբ է պարապում:

Եվ օր. Սահակյանր, նայելով Բազենյանին, ժպտաց:

— Ես պարոն Բազենյանի տեղ բողոքում եմ ձեր դեմ, օրիորդ,— բացականչեց Մարությանը։— Եթե պարոնը հայ աղջիկների մասին աննպաստ կարծիք ունի, այդ չի նշանակում, թե նա բացառություններ չի ճանաչում։ Այդպես չէ՞, պարոն Բազենյան։

— Չեմ հասկանում,— խիստ հանգիստ արտասանեց Բազենյանը, ուսերը վեր քաշելով։ Նա արդեն ատում էր օր. Սահակյանին։

— Ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մարության, որ պարոն Բազենյանը չի կարող չճանաչել բացառությունները, բայց մի՞թե այսպիսի բացառություններն ավելի քիչ են արժանի ուշադրության, քան ընդհանրությունը։ Ի՞նչ եք կարծում, տիկին,— դարձավ օր. Սահակյանը Թեկլեին.— Աշխենը դատա՞րկ աղջիկ է։

— Ո՞վ է ասում... Երանի չէ՞ր լինիլ, որ բոլոր աղջիկները նրա պես խելոք լինեին,— ասաց Թեկլեն տխուր մտախոհությամբ։

— Տեսնո՞ւմ եք։ Իսկ դուք, պարոն Շահյան. ձե՞ր կարծիքն ինչ է. դուք ճանաչում եք նրան։

— Ես համաձայն եմ ձեզ հետ,— ասաց Շահյանը, առանց մտածելու, թե ինչ է ասում և, ինքն էլ չհասկացավ ինչու ժպտաց։

Օր. Սահակյանն արագորեն դարձավ դեպի Եվան, որ նստած էր իր կողքին.

— Իսկ դո՞ւ, Եվա։

Եվան իսկույն չպատասխանեց։ Նրա անսովոր-լուրջ հայացքը մտքի ինչ-որ տխուր, խորհրդավոր կենտրոնացում էր արտահայտում։

— Այդպիսի մի նամակ էլ մեզ է գրել,— ասաց նա, առանց պատասխանելու օր. Սահակյանի հարցմունքին։

— Հա-ա՞։

— Բաս ի՞նչ էիք կարծում,— ասաց Մարությանը։