Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ, ինչո՞ւ։ Վատ բան ես այդտեղ ոչինչ չեմ գտնում։ Ընդհակառակը, շատ լավ է, նույնիսկ անպատճառ հարկավոր է, որ մարդ իմանա, թե ում հետ գործ ունի։

Եվան բավական կոտրվեց Բազենյանի այդ լուրջ պատասխանից։

— Այդ, իհարկե, այդպես է, բայց... ձեր վերաբերմամբ...

— Հա՜, իմ վերաբերմամբ,— երկարացրեց Բազենյանը։

Նրա ձայնը խիստ խորհրդավոր կերպով հնչեց Եվայի ականջին։ Եվան տեսավ, թե ինչպես իր հետ մինչև այդ ժամանակ ուրախ ու մտերմաբար խոսող այդ երիտասարդը հանկարծ սառեց, թե ինչպես մինչև այդ րոպեին նրա շարունակ ժպտող, անհոգ հայացքը վերին աստիճանի խորհրդավոր, նույնիսկ խիստ արտահայտություն ստացավ։ Եվ այդ առաջին անգամն էր, որ Եվան իրեն ճնշված դրության մեջ զգաց Բազենյանի առաջ, իսկ վերջն այդ դրությունը երկյուղի նման մի տեսակ զգացման փոխվեց, երբ տեսավ, որ Բազենյանը երկար ժամանակ, ինքն իր մեջ կենտրոնացած, լռություն է պահպանում, մեքենայաբար ուղղելով ձեռքի փաթաթանը։

— Ես կարծում եմ, օրիորդ,— վերջապես շատ լուրջ ձայնով և հատընդհատ խոսեց Բազենյանը, առանց նայելու Եվային և շարունակելով ուղղել ձեռքի փաթաթանը,— ես կարծում եմ, որ դուք պիտի ներեք ինձ, եթե ասեմ, որ Շահյանն իրավունք ուներ կամ, ավելի ճիշտը, պարտավոր էր գաղտնի պահելու իր պաշտոնն ինչպես ամենքից առհասարակ, նույնպես և ձեզնից, որովհետև... կան բաներ, որոնք խիստ գաղտնի պիտի պահվեն, և եթե ասվում են մեկին, կնշանակի ամենքին են ասվում։ Իմ պաշտոնի գաղտնիքն ես միայն Շահյանին եմ հայտնել, իբրև շատ մտերիմ և շատ հավատարիմ ընկերոջս, և վստահ եմ եղել, որ նա այդ գաղտնիքն ուրիշներին պատմելու անխոհեմությունը չի ունենալ։

— Տեսնո՞ւմ եք, ես էլ հենց ա՛յդ էի ուզում ասել, այսինքն... որ ձեր պաշտոնը... լավ չէ, որ ամեն մարդ իմանա։

— Ո՛չ, ամեն մարդ, օրիորդ, բայց ո՛չ ամեն մարդ։

Եվան մտառությամբ նայեց Բազենյանի աչքերին։ Ինչպես միշտ, երբ աշխատում էր ըմբռնել լսած մութ խոսքերի իմաստը,